Հասարակության մեդիագրագիտության բարձրացումը` մանիպուլյացիաների դեմ պայքարի արդյունավետ գործիք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ ժամանակակից աշխարհում մարդու վարքագիծը տարատեսակ մանիպուլյացիաներով կառավարելը արդյունավետ մեթոդներից է, որն իրականացվում է ԶԼՄ-ների եւ, մասնավորապես, սոցկայքերի միջոցով: Քաղաքական վերլուծաբան, ժամանակակից աշխարհի պահանջված մտածողներից Նոամ Չոմսկին, օրինակ, նշում է, որ առավել հաճախ իշխանություն ունեցող մարդիկ իրենց դիրքերը պահպանելու համար փորձում են կառավարել իշխանություններից դժգոհ քաղաքացիներին, եւ գործի են դրվում ոչ թե կոպիտ մեթոդներ, օրինակ՝ բռնությունները, այլ քաղաքակիրթ մեթոդներ՝ քարոզչամեքենան:

Չոմսկին նույնիսկ հասարակությունը մանիպուլացնելու 10 մեթոդ է առանձնացնում, մասնավորապես՝ շեղել ուշադրությունը կարեւոր հարցերից՝ մեջտեղ բերելով երկրորդական հարցեր, հանրության համար ոչ ձեռնտու որեւէ օրենք ընդունելիս կիրառել աստիճանական, օրեցօր, տարեցտարի ներդնման մեթոդը եւ այլն: Նախկին իշխանությունն, օրինակ, չէր խորշում մանիպուլյատիվ զինանոցից լիուլի օգտվելուց, որի ամենավառ դրսեւորումը, թերեւս, սահմանադրական բարեփոխումների միջոցով Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելն էր: Վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին նախկին նախագահի հայտնի խոստումը, ապա դրա դրժումը, կարծում ենք, դեռեւս թարմ է հանրության հիշողության մեջ:

Սոցկայքերի ու ԶԼՄ-ների միջոցով հասարակական կարծիքը մանիպուլացնելու «որոշ հանցավոր շրջանակների» խնդրին է երեկ անդրադարձել վարչապետ Փաշինյանն ու մասնավորապես ցուցում տվել ԱԱԾ-ին միջոցներ ձեռնակել այդ ուղղությամբ: Այս հայտարարությունը վայրկյաններ անց ֆեյսբուքյան քննարկումների կիզակետում էր. ոմանք սա ազատ խոսքը լռեցնելուն ուղղված կոչ որակեցին, ոմանք ողջունեցին, ոմանք հենց Փաշինյանին ու կառավարությանը մեղադրեցին քանիցս մանիպուլյացիաների դիմելու, «ճոխ խոստումները» չկատարելու համար, ոմանք էլ տարակուսեցին՝ ինչ է մանիպուլյացիան եւ ինչպես է այն որոշվելու:

Մինչ ԱԱԾ-ն կզբաղվի իրեն տրված ցուցումով, նշենք, որ մանիպուլյացիաների դեմ պայքարի արդյունավետ գործիքներից է, առաջին հերթին, հասարակության մեդիագրագիտության բարձրացումը, հատկապես` այնպիսի երկրում, որը պատերազմական իրավիճակում է, եւ որի քաղաքացիները քարոզչական տարբեր դիվերսիոն հնարքների, այսպես կոչված, հավաքագրումների եւ այլ հանցավոր արարքների կատարման թիրախ կարող են դառնալ: Ահա այստեղ է, որ ԱԱԾ-ն պետք է գերկենտրոնացնի իր ռեսուրսը, քանի որ պարտավոր է քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունից զատ նաեւ ինֆորմացիոն անվտանգությունը երաշխավորել:




Լրահոս