«Լուսավոր Հայաստան»-ը համագործակցո՞ւմ է ՀՅԴ-ի հետ. պարզաբանում է Գևորգ Գորգիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք բաց են բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել:

-Պարո՛ն Գորգիսյան, ձեր խմբակցությունը իշխանություններին ներկայացրել է կառավարության կառուցվածքային փոփոխության մասին իր տարբերակը, որը, փաստորեն, մշակել եք ՀՅԴ-ի հետ: Ինչո՞ւ:

-«Դաշնակցությունը» մեզ ուղարկել էր կառուցվածքային փոփոխության հետ կապված իր առաջարկությունը, եւ այնտեղից մենք վերցրել ենք փոխվարչապետի ֆունկցիաները, այսպես ասած, որը պետք է լինի պատասխանատու Սփյուռքի հետ կապերի եւ հայրենադարձության:

-Այսինքն` ՀՅԴ-ի հետ համագործակցո՞ւմ եք նման հարցերում:

-Մենք հայտարարել ենք, որ բաց ենք համագործակցության բոլոր արտախորհրդարանական ուժերի հետ, դա արել ենք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Մենք պայմանավորվել ենք հետագայում նման հանդիպումներ էլի ունենալ, բայց մենք բաց ենք բոլոր ուժերի համար: Մենք շարունակում ենք բաց մնալ բոլոր ուժերի համար, այնպես որ որեւէ սահմանափակում չկա ինչ-որ ուժի հետ հանդիպելու կամ չհանդիպելու համար:

-Իսկ իշխանություններն արդեն հայտնե՞լ են իրենց տեսակետը` ձեր խմբակցության կողմից ներկայացված կառուցվածքային փոփոխության նախագծի վերաբերյալ:

-Մենք բացմիցս բոլոր հնարավոր հարթակներով ապացուցել ենք, որ մեր ներկայացրած մոդելը շատ ավելի արդյունավետ է ու իր մեջ չի պարունակում ուղղակի մեխանիկական կրճատումներ: Իսկ մենք դա տեսնում ենք կառավարության կողմից ներկայացված տարբերակում:

Մերի հիմքում ընկած է տեսլական, թե ինչպիսի կառավարում ենք մենք ուզում ունենալ. դա ավելի շատ հաշվետու Ազգային ժողովի կողմից վերահսկելի կառավարություն է: Մյուս կողմից` ամեն գործառույթի համար հստակ քաղաքական պատասխանատու է: Ու կոնկրետ այն ոլորտները, որոնք մենք տեսնում ենք ռազմավարական նշանակության ՀՀ-ի համար, դրանք պետք է ունենան համապատասխան պատասխանատվություն:

-Եթե կառավարությունը չընդունի խմբակցության առաջարկները, դե՞մ եք քվեարկելու նախագծին:

-Պարոն Ավինյանը հայտարարել է, որ դեմ չեն իրենք քննարկելու մեր ներկայացրած տարբերակը: Երբ որ կքննարկեն, երբ որ կասեն իրենց դիրքորոշումը, այդ ժամանակ էլ մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը:

ՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս