Հանրապետության հեռավոր մարզից առաջին հիվանդն ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդը ապրիլի 8-ին հասել է Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Սուրբ Աստվածամայի ԲԿ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջը, նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ վթարի հետեւանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր:

Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնել է երեխային բերելու: Տեղում հիվանդն անմիջապես միացվել է արհեստական շնչառական սարքին, տեղադրվեց պարանոցային օձիք, կատարվել դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններում են եղել հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների:

«Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվում էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ եւ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդին»,- ասված է «Էրեբունի» ԲԿ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:




Լրահոս