«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն գազալցակայաններից հանում է իր սարքավորումները․ գործադիր տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, նշեց, որ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված այդ նախաձեռնությունն իրականում չի պայքարում խաղամոլության դեմ․ ավելին՝ որևէ հարց չի լուծում, ինչով պայմանավորված էլ երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագծի քննությունը հետաձգվեց՝ անգամ Կառավարության կողմից տրված դրական եզրակացության պարագայում:

«Ալեն Սիմոնյանն ասում է, թե բուքմեյքերական գրասենյակներում կազմակերպվող վիճակախաղերը շատ ավելի գրավիչ են, քան օնլայն տիրույթում իրականացվողները, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ գայթակղությունը ինտերնետ հարթակում շատ ավելի մեծ է։ Խաղամոլության իրական վտանգը հենց ինտերնետ տիրույթում է։

Իհարկե՛, ես չեմ քարոզում խաղամոլություն, բայց այն օրենքի նախագիծը, որն առաջարկում է Ալեն Սիմոնյանը, խաղամոլության ոլորտում որևէ հարց չի կարգավորում, այլ առաջացնում է աշխատատեղերի և բյուջե միլիարդավոր դրամների մուտքերի կրճատումներ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց ընկերությունն ունի ոչ թե 100 աշխատող, ինչպես նշել է Ալեն Սիմոնյանը, այլ՝ 496։ Իրենք նախագծի վերաբերյալ ներկայացրել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ առաջարկելով, ոչ թե փակել բոլոր բուքմեյքերական գրասենյակները, այլ դրանց թիվն ընդամենը կրճատել։

«Նախագծի ընդունման պարագայում մեր ընկերությունը կհայտնվի փակման եզրին։ Կստացվի մի իրավիճակ, որ օրենքի պահանջով մենք կփակվենք և դաշտում կստեղծվեն մենաշնորհ ընկերություններ, որոնց տերերը ինտերնետ հարթակում են իրենց գործունեությունը ծավալում, իսկ մեր փաստացի կորուստը կկազմի 1,5 մլրդ դրամ, քանի որ հենց այդքան են կազմում մեր չփոխհատուցված միջոցները, ուստի այս օրենքի նախագիծը սպառնալիք է հենց մեզ համար»,- ասաց նա։ Սարգիս Միքայելյանը նաև հավելեց, որ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի մտահոգությունները գազալցակայաններում տեղադրված սարքավորումների վերաբերյալ՝ «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ն ինքնակամ գազալցակայաններից կհանի իր սարքավորումները` դրանք տեղափոխելով բույքմեյքերական գրասենյակներ։




Լրահոս