Երեկ Երեւանի քաղաքապետարանն արդեն սկսել է ապամոնտաժել Օղակաձեւ զբոսայգում տեղակայված անխնամ վիճակում գտնվող սրճարանները: Ըստ քաղաքապետարանի` տարածքը կանաչապատվելու է:
Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Ռուբեն Դարբինյանը տեղեկացրեց, որ Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, եւ հաշվի առնելով իրավական առանձնահատկությունները` համապատասխան որոշում կկայացվի:
«Իսկ ապամոնտաժվող այս սրճարանը Երեւան համայնքին է պատկանում, շինությունն ինքնակամ է: Որեւէ պայմանագիր առկա չէ, իսկ սեփականատերը հանդիսանում է համայնքը, հետեւաբար մենք ենք կրում ռիսկերը, մենք ենք վերացնում հետեւանքները»,- տեղեկացրեց Ռուբեն Դարբինյանը: Իսկ, ահա, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասաց, որ կոնկրետ ապամոնտաժվող սրճարանի սեփականատիրոջ հետ չի հաջողվել կապ հաստատել. «Իրավական խնդիրներ ունի, բայց մենք այն, ինչ անում ենք բոլորին, հնարավորին դեպքում այդ մասին ծանուցում ենք»: Բայց ապամոնտաժվող սրճարանի սեփականատերերին ծանոթները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ սեփականատերը տարիներ առաջ մահացել է, իսկ պայմանագրի ժամկետը ավարտված է: Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը Օղակաձեւ այգում արձանագրել է նաեւ անմխիթար վիճակում գտնվող եւս մեկ սրճարան, որի պատուհանները կոտրված են, իսկ տարածքում կուտակված աղբ կա:
Բացի Օղակաձեւ այգու սրճարանից, քաղաքապետարանը երեկ ապամոնտաժեց նաեւ Խորենացի 9 հասցեում գտնվող հանրային սննդի տաղավարը: Տաղավարի տնօրենը` Նաիրան, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ տանիքով տաղավարը 30 տարի շարունակ գործել է. «Բայց ոչ ոք ոչինչ չի ասել: Ու այդպես ես ե՛ւ քաղաքապետարանին եմ տուրք վճարել, ե՛ւ Պետական եկամուտերի կոմիտեին»:
Տեղեկացնենք, որ թեեւ տանիքով տաղավարը ինքնակամ է, այնուամենայնիվ, ապամոնտաժման ծախսերը քաղաքապետարանն է հոգալու: «Ես դժգոհ չեմ, ինձ չեն ստիպել, բացատրել են, որ ապօրինի է, բայց խոստացել են, որ մայթի մի հատվածում կարող եմ առանց տանիքի սեղան աթոռ դնել սեզոնին: Ասում են` քաղաքապետն է տեսել ու հանձնարարել ապամոնտաժել, հետո ասացին, որ մարդիկ բողոքել են շենքից: 30 տարի չէին բողոքել, երեւի հիմա մարդկանց խանգարում է»,- մեծ ափսոսանքով նկատեց տիկինը:
Իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները տիկնոջը հանգստացրին` նշելով, որ ինքը իրավունք ունի դիմել քաղաքապետարան եւ սեզոնային բացօթյա առեւտուր անելու համար թույլտվություն ստանալ: Մինչեւ ապամոնտաժելը տաղավարը խոչընդոտել է հետիոտնի տեղաշարժը:
Սյունէ Համբարձումյան