Կոռուպցիոն բնույթի հանցանքի համար է մեղադրվում մի կառույցի ղեկավար, որի տեղակալի ունեցվածքն աչքի անցկացնելուց հետո տրամաբանական հարց է ծագում դրա ծագման մասին. այն ձեռք է բերվել հալալ քրտինքո՞վ, թե՞, այնուամենայնիվ, դրանում խառն է նաեւ կոռուպցիայի մատը: Խոսքը ՊՎԾ պետ Դ. Սանասարյանի տեղակալ, այսօրվանից պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի մասին է, որը Երեւան քաղաքի դատախազության դատախազ աշխատած տարիներին՝ 2017թ.-ին, երբ ընդամենը 26 տարեկան էր, պատկառելի ունեցվածք է հայտարարագրել, մասնավորապես՝ անհատական 2 բնակելի տուն, 4 հողամաս, 1 անշարժ գույք, 1 ավտոտնակ, թանկարժեք զարդեր, 32 մլն դրամ եւ 48 հազ. դոլար դրամական միջոց:
Երեկ գործադիրի նիստին շտապած Քյարամյանը այն հարցին, թե ինչպես է ձեռք բերել հայտարարագրված ինչքը, պատասխանելու փոխարեն հղում է արել էթիկայի կանոններին՝ ճիշտ չհամարելով «որեւէ մեկի ունեցվածքը» քննարկելը:
Նկատենք, սակայն, որ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը «որեւէ մեկը» չէ, այլ պետական պաշտոնյա, որի վաստակած ամեն մի լումայի մասին ինֆորմացիան բացի նրանից, որ պետք է բաց լինի, այլ նաեւ պետք է պարզաբանվի: Իսկ այդ դելիկատ հարցը կարգավորվում է ոչ թե էթիկայի նորմերով, այլ համապատասխան օրենքի իմպեատիվ պահանջով:
Քյարամյանն, ի դեպ, նաեւ փորձել է փարատել իր ունեցվածքի օրինականության հետ կապված կասկածներն ու խրոխտ հայտարարել՝ «երբևէ որեւէ կոռուպցիոն, սկանդալային եւ կլանային համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել»: Թե ինչ է հայտարարագրել փքուն կեցվածքով ու շփման մեջ անբարյացկամ չինովնիկը հեղափոխությունից հետո ստանձնած պաշտոններում, հայտնի չէ, քանի որ նրա 2018թ. հայտարարագիրը դեռ չի հրապարակվել:
Նշենք, որ Քյարամյանը ՊՎԾ է տեղափոխվել ՊԵԿ-ից, ուր եղել է հետաքննության վարչության պետ, աշխատել է նաեւ ոստիկանությունում ու Քննչական կոմիտեում: Հենց նա է ՊՎԾ պետի ԺՊ-ի ռեալ հավակնորդը, չնայած օրենքը նախատեսում է, որ ԺՊ է նշանակվում ՊՎԾ պետի՝ տարիքով ավագ տեղակալը: «Որքանով որ ես եմ տեղյակ օրենսդրությունից, այո, էդպիսի բան կա, բայց եթե առաջարկություն ներկայացվի կոնկրետ որեւէ տեղակալի, էդ դեպքում էդ կանոնը էլ չի գործում»: Մասնագիտությամբ իրավաբան Քյարամյանը, դատելով իր խոսքից, ոչ թե լիարժեք, այլ «որքանով տեղյակ եմ» մակարդակի է տիրապետում այն օրենքը, որով կարգավորվում է իր աշխատանքային ոլորտը:
Եւ չնայած այս ամենին՝ նրան ՊՎԾ պետի ԺՊ նշանակելու հարցով ակտիվ լոբբինգ արվեց կառավարության կուլիսներում, և այսօր արդեն նշանակումը կատարվեց: