Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի որոշ դրույթներին առնչվող կառավարություն-քաղաքացիական հասարակություն ամփոփիչ քննարկմանը:
Փոխնախարար Քոչարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է ճանապարհային քարտեզում ներառված արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտների բարեփոխումների առնչությամբ նախատեսվող միջացառումները:
Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ ԵՄ իրավական ակտերի հետ տեղական օրենսդրության մոտարկման գործընթացում Արդարադատության նախարարությունը որոշել է գնալ հիմնարար փաստաթղթերի մշակման ու ամրագրման, այն է՝ մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու գործողությունների ծրագրերի ընդունման ճանապարհով:
Դատաիրավական ոլորտում նախատեսվող գործընթացը ներկայացնելիս՝ փոխնախարարը նշել է նաև, որ իրավական լուծումներին զուգահեռ ակտիվ քննարկվում են այդ բարեփոխումների ֆինանսական և նյութական ապահովման մեխանիզմները: Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ձևավորման հնարավորություններին, ինչպես նաև ընդգծել էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային հաղորդակցության գործիքների ներդրման շարունակականության անհրաժեշտությունը՝ որպես լավագույն գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:
Այնուհետև, փոխնախարարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն