ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը Գիտությունների թեկնածուներին ազատել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանը աշխատանքից ազատել է նույն մասնաճյուղի Մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու Լիանա Հարությունյանին: Հիմա նա բողոքում է տնօրենի այդ քայլի դեմ, նա այդ հարցով դիմել է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, սակայն ապարդյուն:

Լ. Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արտակ Ցուցուլյանը պաշտոնից ազատել է Իջեւան քաղաքում բնակվող, գիտությունների թեկնածուի կոչում ունեցող դասախոսներին: Տարբեր պատճառաբանություններով աշխատանքից ազատվել են գիտությունների թեկնածուներ Կամո Այվազյանը, Նունե Դավթյանը, Նելլի Խուդավերդյանը, հիմա էլ` Լիանա Հարությունյանը: Արտակ Ցուցուլյանն արդեն մի անգամ Լիանա Հարությունյանին ազատել է աշխատանքից:

2018թ. օգոսոտոսին Լիանա Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի` պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, իրեն նախկին աշխատանքում վերականգնել եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը: Դատարանը բավարարել է նրա հայցը. 2019թ. սկզբից Լիանա Հարությունյանը համալսարանի մասնաճյուղ աշխատանքի է գնացել:

Արտակ Ցուցուլյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը կատարել է դատարանի վճիռը: Նա ասաց, որ Լիանա Հարությունյանը դոցենտի կոչում չունի, անօրինական էր զբաղեցնում ամբիոնի վարիչի պաշտոնը: Նախկինում Լ. Հարությունյանը զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն Արտակ Ցուցուլյանը այն ժամանակ չի բողոքել, իր խոսքերով, այդ անօրինականության դեմ:

2018թ․ մայիսին, երբ Ա. Ցուցուլյանը դեռ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար չէր, որպես ժամանակավոր պաշտոնակատար` ղեկավարում էր մասնաճյուղի Ընդհանուր մաթեմատիկայի եւ բնագիտության ամբիոնը, ուսանողները ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի փոխտնօրենի պաշտոնում առաջադրել են Լ. Հարությունյանի եւ Ա. Ցուցուլյանի թեկնածությունները: Լիանա Հարությունյանը հանել է իր թեկնածությունը հօգուտ ավելի երիտասարդ Ա. Ցուցուլյանի: Հետո, երբ Ա․ Ցուցուլյանը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար էր, Լ. Հարությունյանը ցանկություն է հայտնել աշխատել որպես մասնաճյուղի փոխտնօրեն:

Լ. Հարությունյանի վկայությամբ` ինքն այդ մասին հայտնել է Ա. Ցուցուլյանին, վերջինս առաջարկել է ստորագրահավաք անել, բայց երբ Լ. Հարությունյանը կատարել է, համալսարանի մասնաճյուղի տնօրինության նիստում Ցուցուլյանը զայրացել է ու հայտարարել, որ Լ. Հարությունյանն ինքնագործունեությամբ է զբաղվել, առանց իր կարծիքը հարցնելու է գործել: Ա. Ցուցուլյանը Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տարածքում Իջեւանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների աշակերտներին մաթեմատիկա առարկայի կրկնուսուցմամբ է զբաղվում, գումար վաստակում, սակայն ո՛չ պետությանն է դրա համար հարկ վճարում, ո՛չ էլ համալսարանի մասնաճյուղին վարձավճար: Նա լրագրողիս հետ զրույցներում չի ժխտել, որ ինքն այդտեղ կրկնուսուցմամբ է զբաղվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս