Մայիսի 6-ին Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մասնակցեց հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանված գրքի շնորհանդեսին։
Ստեղծագործությունն իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելլայի և Ստեֆանո Գարցոնիոյի, ինչպես նաև Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ Անուշ Թորունյանի համատեղ ջանքերով։
Իր խոսքում դեսպանը շնորհակալություն հայտնեց ստեղծագործության իտալերեն թարգմանությունը կյանքի կոչելու համար և նշեց, որ Դանթեական առասպելը Եղիշե Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, որն անմիջապես հայտնի դարձրեց նրա անունը։
Միջոցառման ընթացքում ընթերցվեցին պոեմի իտալերեն թարգմանությամբ հատվածներ։