Լևոն Քոչարյանի ուշացած… շատ ուշացած առաջարկը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, որ այս օրերին մասնակցում է հոր դատավարությանը, երեկ պատրաստակամություն է հայտնել հանդիպելու մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներից Սարգիս Քլոյանի հետ: Սա այն բանից հետո, երբ նախօրեին Սարգիս Քլոյանը՝ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ինքը Ռ.Քոչարյանին միայն մեկ հարց ունի. «Աստված պահի քո բալին, ո՞նց էր համը իմ ձագի»:

Եւ, ահա, Լեւոն Քոչարյանը արձագանքել է` ասելով, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին մոլորեցրել են, ու որ իր հայրը կապ չունի սպանությունների հետ: «Տասը տարի է՝ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են քաղել էս մարդկանց վշտի վրա։ Հիմա ինչ-որ մեղադրանք տեսնո՞ւմ եք սպանությունների հետ կապված, հրահանգի հետ կապված»,- ասել է նա։

Եթե անկեղծ, ապա նկատենք՝ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպելու մասին Լեւոն Քոչարյանի հայտարարությունն ուշացած է, շատ ուշացած: Ի վերջո, այդ ողբերգությունից անցել է ավելի քան տասնմեկ տարի, եւ այդ ողջ ընթացքը լիուլի բավարար էր, որպեսզի Քոչարյանները նման նախաձեռնությամբ հանդես գային, մանավանդ որ կատարվածի առաջին իսկ օրերից, որպես մարտի 1-ի պատասխանատու, մշտապես մատնանշվել է Ռոբերտ Քոչարյանի անունը: Մարտի 1-ի զոհերի հարազատները, այդ թվում՝ Քլոյանը, մեկ անգամ չէ, որ ուղիղ տեսքով մեղադրանքները հենց նրան են ուղղել: Այնպես որ, Քոչարյանները կարող էին ավելի վաղ հանդիպում կազմակերպել մարտի 1-ի զոհերի հարազատների հետ` փարատելու համար կասկածները:

Կարող էին կազմակերպել թեկուզ հենց այն ժամանակ, երբ մարտի 1-ի զոհերի հարազատները տարիներ առաջ միահամուռ կերպով աջակցեցին 7-ի գործով անցնող քաղբանտարկյալներին՝ այն ժամանակ ընդդիմադիր գործիչներին:

Հիշում եք, նախկին իշխանությունները մարտի 1-ի ողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ սպանությունների մեղավորությունը, փորձում էին բարդել այն ժամանակ ընդդիմության հիմնական դերակատարների վրա: Բայց 7 գործով առաջին իսկ դատավարության ժամանակ, հետո նաեւ Նիկոլ Փաշինյանի դատերին մարտի 1-ի զոհերի հարազատները կանգնեցին քաղբանտարկյալների կողքին: Ասում են` դատական պրակտիկայում սա չլսված բան էր, երբ տուժողի իրավահաջորդները պաշտպանում էին «մեղադրյալներին»:

Ինչեւէ, այս առումով պատահական չէր երեկ Սարգիս Քլոյանի պատասխանը Քոչարյանի որդուն. «Տասնմեկ տարվա մեջ մեկ անգամ քո պապան ցավակցե՞լ է մեզ, իմացե՞լ է` մենք ոնց ենք ապրում…Ես մարտի մեկի ցույցի մասնակից եմ եղել, Լեւոն Քոչարյան, ես ամեն ինչ տեսել եմ իմ աչքով, մեզ ոչ մեկն էլ չի շահարկում։ Ընդհակառակը` մենք ենք բողոքում»:




Լրահոս