Հիշենք 800 հեկտար կորցնողներին. հարցերի պատասխանները ստանալու ժամանակը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միանգամայն սպասելի էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները մեծ արձագանք են ստանալու, բնականաբար, իրարամերժ արձագանքներ: ՀՀ վարչապետը չսահմանափակվեց միայն դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին խոսելով, այլ անդրադարձավ Հայաստան-Արցախ հարաբերություններին, որոնք, խոստովանենք, վերջին օրերի հայտնի իրադարձություններից հետո այնքան էլ հարթ չեն:

Եվ, ահա, Փաշինյանի երեկվա հայտարարություններին միանգամից հետեւեց նախկին իշխանությունների արձագանքը: ՀՀԿ փոխնախագահներից Արմեն Աշոտյանը շտապեց հայտարարել, որ այսպես Փաշինյանը հնարավոր պատերազմի մեղքը նախապես գցում է Արցախի վրա: Նույնաբովանդակ արձագանքներ եղան նաեւ նախկին իշխանության այլ ներկայացուցիչների կողմից, որոնքեւս միահամուռ «գրոհել էին» համացանցում: Կարճ ասած` ամեն ինչ Թումանյանի հայտնի «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով էր:

Միայն թե, համաձայնեք, ինչ-ինչ, բայց գոնե Արցախի թեմայով ՀՀԿ-ականներն իրավունք չունեն ծպտուն անգամ հանելու. որեւէ մեկը չի մոռացել, որ ՀՀԿ իշխանավարման տարիներին տեղի ունեցավ Ապրիլյան քառօրյա պատերազմն ու ունեցանք 100-ից ավելի զոհ, ունեցանք հարյուրավոր վիրավորներ, եւ, վերջապես, ունեցանք 800 հեկտարի կորուստ: Իսկ դրանից հետո հենց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել. «Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն»:

Այնպես որ, ՀՀԿ-ականները պատերազմի կամ հողեր հանձնելու թեմայով տարատեսակ շահարկումներից առաջ ճիշտ կանեին, եթե մեկնաբանեին, թե ինչպես իրենց օրոք փաստացի կորցրինք 800 հեկտար հող, կամ ինչպես էր Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բանակն 80-ականների զենքով կռվում, կամ ինչպես զրահատեխնիկան այդ օրերին չաշխատեց դիզվառելիքի բացակայության պատճառով: Մեծ հաշվով, պատճառների մասին ամենքս էլ գիտենքուհիշում ենք. դա ՀՀԿ իշխանության օրոք համատարած կոռուպցիան էր:

Պատահական չէ, որ երեկ վարչապետ Փաշինյանը խոսեց ԱԺ-ում 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Եթե հիշում եք, մի առիթով էլ Փաշինյանը հայտարարել էր. «Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»:

Հիմա իսկապես եկել է այս հարցերի պատասխանները ստանալու ժամանակը:




Լրահոս