Ինչ մտահոգություններ ունեն ՀՅԴ-ականները. Դոն Քիշոտի օրակարգը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավճակը մի տեսակ ստվերեց ՀՅԴ նախօրեի հանրահավաքը: Դրա շուրջ եղած քննարկումներն էլ հիմնականում իշխանություններին ՀՅԴ-ի՝ «լրջացե՛ք» կոչի ու ցույց տված «դեղին քարտի» շուրջ էին, ոչինչ ավելի, այնինչ ՀՅԴ հանրահավաքի գլխավոր կարգախոսներից մեկն էլ սա էր. «Զարգանանք` չզիջելով»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ելույթ ունեցավ.

«Մենք պարտավոր ենք զարգանալ պատերազմական, շրջափակման եւ դեպի ծով ելք չունենալու պայմաններում` առանց զիջելու մեր համազգային շահերն ու ձեռքբերումները»: ՈՒ, ընդհանրապես, ՀՅԴ երեկվա հանրահավաքում թեւածում էր միտքը, թե իշխանություններն ուր որ է Արցախի հարցում տարածքային զիջումների են գնալու, եւ իրենք հիմա համախմբվել են՝ պայքարելու եւ կանխելու անցանկալի այդ ընթացքը:

Իհարկե, կարելի է մի փոքր դաժան գտնվել ու դաշնակներին հիշեցնել առաջին հանրապետության պատմությունը, թե ինչպես ՀՅԴ-ն, ստանձնելով 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանի իշխանությունը, երկուսուկես տարի անց ստորագրեց մի փաստաթուղթ, որով Հայաստանին մնում էր 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Կամ կարելի է հիշեցնել նաեւ երրորդ Հանրապետության պատմությունը, երբ ՀՅԴ-ն Արցախյան պատերազմի օրերին արդեն որպես ընդդիմություն օրումեջ հանրահավաք էր անցկացնում ու ահազանգում Ղարաբաղը ծախելու մասին: Բայց որքան խոսեցին Ղարաբաղը ծախելու մասին, այնքան Ղարաբաղը մեծացավ:

Համաձայնե՛ք, նման հիշեցումները մեծ հաշվով անիմաստ են: Նույնքան անիմաստ են, որքան ՀՅԴ-ականների՝ Արցախի խնդրի վերաբերյալ մտահոգությունները, որովհետեւ ակնհայտ է՝ այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության օրակարգում չկա ո՛չ Ղարաբաղի խնդրում զիջումների, ո՛չ էլ անգամ փոխզիջումների հարց: Դեռ ավելին` եթե հիշում եք, Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ փոխզիջումների մասին կխոսի, երբ տեսնի՝ Ադրբեջանն ինքը պատրաստ է փոխզիջման գնալու:

Այնպես որ, զիջումների մասին խոսակցությունները հիշեցնում են Դոն Քիշոտի պայքարը հողմնաղացների դեմ: Լավագույն դեպքում:

Մի բան էլ. նորանկախ Հայաստանում տարածքային զիջումներ ունեցել ենք 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ կորցրինք 800 հեկտար: Այն ժամանակ իշխանության էր ՀՀԿ-ն, իսկ ՀՅԴ-ն էլ իշխող կոալիցիայի մաս էր, ընդ որում՝ ստանձնել էր իշխանության համար ամբողջական պատասխանատվություն: Էլ չենք ասում Սերժ Սարգսյանի հարցազրույցների մասին, երբ ասում էր, որ ինքը պատրաստ է եղել Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջանները:

Այնպես որ, միգուցե ՀՅԴ-ի պահվածքը ենթագիտակցաբար է, եւ ինքն իր դեմ է:




Լրահոս