ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ.
Սիրելի՛ հայ ժողովուրդ։
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։
Մայիսը մեր ազգի համար հաղթանակների, հերոսամարտերի փառավոր ամիս է և Հայոց պատմության համար տարբեր դարաշրջաններում եղել է ճակատագրական։ Դեռևս հինգերորդ դարում այս ամիսը Հայոց պատմության էջերում անմահացավ Ավարայրի ճակատամարտով։
Գրեթե հարյուր տարի առաջ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան ճակատամարտերում տարած դժվարին հաղթանակով մեր ժողովուրդը նվաճեց ապրելու և հարատևելու իր արժանի իրավունքը, որն ամրապնդվեց Արցախյան հերոսամարտի հաղթանակով։ Մայիսը հերթական անգամ իր պատմական հաղթուղին գծեց մեկ տարի առաջ՝ ոչ միայն հայոց, այլև համաշխարհային պատմության գրամատյանում փաստելով առանց արյան հեղափոխության իրողությունը։
Եվ այսօր՝ մայիսի 28-ին, հավերժացած և հաղթական ևս մեկ մայիսյան օր, լրանում է Առաջին Հանրապետության հերթական տարեդարձը։ Այս օրը խորհրդանշում է հայոց պետականության վերածնունդըև հիշատակում այն կարևորագույն փաստը, որհարյուրամյակներ շարունակ պետականություն չունեցող ժողովուրդն իր միասնականության և ամրակուռ ուժի շնորհիվ կարողացավ հասնել այդքան բաղձալի և սպասված անկախության։
Կրկին շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրը։ Ցանկությունս է տեսնել աշխարհասփյուռ հայությանը անքակտելի միասնականության մեջ՝ հանուն ազգային մեր իղձերի, հանուն մեր ժողովրդի սպասելիք նվաճումների ու հաղթանակների։
Քրեակատարողական ծառայություն