Զանգով զուգարաններ. կնճռոտ, լուծման կարոտ խնդիրները հանգուցալուծվում են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին բաժանվեց «100 փաստ նոր Հայաստանի մասին» ձեռնարկ, որտեղ շարադրված են կետերով այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունների ջանքերով: Իհարկե, ընդդիմախոսները կփորձեն արված գործերում էլ թերություններ փնտրել, գտնել, բայց ակնհայտ է, որ մեր երկրում լուծվել են այնպիսի հարցեր, որոնք տասնյակ տարիներով բարձրաձայնվել են, սակայն որեւէ առարկայական արդյունք մենք չենք ունեցել:

Առանձնացնենք շարադրվածից 58-րդ փաստը. «Հանրապետությունում առկա շուրջ 350 գազալցակայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքերն ավարտվել են: Այս փաստը կարեւորում եմ զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետեւ արդեն 15 տարի այդ հարցը քննարկվում էր, բայց պրոբլեմը չէր լուծվում: Իմ հանձնարարականով` Տարածքային կառավարման նախարարությունը ավտոգազալցակայններին պարտավորեցրել է կատարել օրենքով սահմանված իրենց պարտավորությունները:

2018 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 10,5 տոկոսով»,- վարչապետի անունից գրված է 100 փաստի ձեռնարկի մեջ: Ինչպես նկատվեց, կառավարությունը լուրջ ջանքեր չի գործադրել, բյուջետային հատկացումներ չի արել, որպեսզի հանրապետությունում ունենանք այդքան կենսական դարձած մեծաթիվ զուգարանները, այլ կարգադրության միջոցով է հարցը կարգավորվել: Ինչպես հայտնի է, տուրիզմը չի կարող զարգանալ մի երկրում, որտեղ չկան տարրական պայմաններ ճամփորդելու համար:

Բայց միայն դա չէ խնդիրը. հիշո՞ւմ եք, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ այսօր Եվրասիական միության վարչապետն է, երկու բիոզուգարաններ բերեց. մեկը տեղադրվեց Սյունիքի մարզում, մյուսը` մայրաքաղաքի կենտրոնում, ամեն մեկի վրա ծախսվեց 175 հազար դոլար (62 մլն դրամ), սակայն այդ զուգարանները մի օր չաշխատեցին, ու պետության փողերը փոշիացվեցին:

Բայց պարզվում է` հնարավոր էր ուղղակի աշխատանքների կազմակերպման արդյունքում գազալցակայաններին պարավորեցնել կատարելու իրենց պարտականությունները` զուգարաններ ունենալու (փաստորեն կառուցելիս պարտավոր էին զուգարաններով ապահովել), եւ խնդիրը կարգավորվեց:

Ու այսպիսի շատ ոլորտներ, խնդիրներ կան, որոնք կնճռոտ են, լուծման կարոտ, բայց տարիներ շարունակ զուտ կազմակերպչական անկարողության կամ անգործության հետեւանքով չեն լուծվել:

Ի դեպ, 100 փաստի հաշվետվությունը զուտ հրապարակայնության եւ փաստարկներով արված աշխատանքի մասին խոսելու ձեւի առումով շատ հետաքրքիր էր ու կարեւոր:




Լրահոս