Չնայած Հայաստանում գործող քաղաքական շրջանակները հետեւողականորեն քարոզչություն են իրականացնում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ վստահություն չկա այլեւս, հավատի այն պաշարը, որն ուներ հեղափոխական իշխանությունը, սպառել է իրեն, կործանումն անխուսափելի է եւ այլն, այնուամենայնիվ, երբ թվային, վերլուծական, մասնագիտական դաշտում հարցումներ են իրականացվում, պատկերն ամենեւին էլ այնպիսին չէ, ինչպես ամենօրյա ռեժիմով մատուցվում է լայն հասարակությանը:
Օրինակ` ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը երեկ հաղորդագրություն է տարածել Հայաստանում անցկացված վերջին հասարակական հարցումների արդյունքների վերաբերյալ:
Ըստ այդմ` «Իմ քայլի» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 59 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ 12 տոկոսը: 5 տոկոսով 3-րդ տեղում նախկին իշխող ուժն է՝ Հանրապետականը: Խորհրդարանական 3-րդ ուժը՝«Լուսավոր Հայաստանը», դուրս է մնացել եռյակից:
Կազմակերպության անցկացված հարցումների համաձայն` հարցվածների ավելի քան 60%-ն ուզում է, որ ՀՀ կառավարությունը արագ իրականացնի քաղաքական ու տնտեսական ռեֆորմներ: Այսինքն՝ մեծամասնությունը շարունակում է վստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը եւ նրանից ռեֆորմների օպերատիվություն է պահանջում:
Իհարկե, կասվի, թե ինչ վստահության մասին է խոսքը, եթե հարցվածների ընդամենը 60 տոկոսն է կառավարությունից կոնկրետ ակնկալիքներ շարադրում: Բայց այստեղ ամենեւին զարմանալու կարիք չկա, որովհետեւ իրականում միշտ էլ ՀՀ քաղաքացիների 50-60 տոկոսն է հաղորդակից եղել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ակտիվություն ցուցաբերել կամ քաղաքացիական կեցվածքով աչքի ընկել: 40-50 տոկոսը մշտապես եղել է դիտորդի դերում:
Նույնիսկ ամենաակտիվ ընտրական գործընթացների ժամանակ ընտրությունների մասնակցության տոկոսը բարձր չի եղել մեր երկրում: Հետեւաբար, պետք է արձանագրել, որ եթե իներտ մասսային հանում ենք, ակտիվ մասսայի ակնկալիքներն ու ունեցած վստահությունը լիովին ուրվագծում են այն իրականությունը, որում ապրում ենք:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անսխալական չէ, ինչպես աշխարհի որեւէ կառավարություն, սակայն, մեծ հաշվով, իր առջեւ դրված խնդիրները պատվով առաջ է տանում: Տարիներով լուծման կարոտ այնպիսի հարցեր են շոշափվում ու լուծում ստանում, ինչպես, օրինակ,«աղետի գոտի» հասկացության վերացման փիլիսոփայությունը. կոնկրետ դրա համար հատկացված 3 մլրդ դրամը խոսում է այդ մասին: Եւ այսքանից հետո ասել, թե Փաշինյանի իշխանությունը գահավիժում է, թերեւս շատ ծայրահեղ կստացվի:
Բայց, մյուս կողմից, բացթողումներից ապահովագրված չէ նաեւ հենց Փաշինյանի կառավարությունը, ու շատ կադրեր, իսկապես, հաճախ «խայտառակում են ռեսպուբլիկան», ինչպես հայտնի ֆիլմում: