Հավաքականը պատրաստ է հզորագույնների դեմ խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հուլիսի 14-ին Երեւանում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկված է «Մահվան խմբում» եւ հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի ընտրանիների դեմ:

Իհարկե, կարելի է անդադար ասել,որ վիճակահանությունը չափազանց դաժան գտնվեց մեր հանդեպ,որ հույսեր այդքան էլ չկան,սակայն ունենք այն, ինչ ունենք: Վերը նշված հավաքականները,իհարկե, դասվում են Եվրոպայի եւ աշխարհի հզոր հավաքականների շարքին, բայց ֆուտբոլը սկսվում է հավասար պայմաններում, եւ այստեղ ամենաանհնարին թվացող արդյունքն էլ կարող է դառնալ իրականություն:

Երեկ` հուլիսի 11-ին, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը բաց մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում: Մարզման ավարտից անմիջապես հետո մեր ֆուտբոլիստները եւ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը լրագրողների հետ կիսվեցին իրենց սպասելիքներով:

Հիշեցնենք, որ մեր երիտասարդական հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչներ «Ալաշկերտի» եւ «Լոռիի» հետ: Արթուր Ոսկանյանը այս փաստը կարեւորագույններից մեկը համարեց. «Մենք պատրաստ ենք մրցաշարի մեկնարկին: Տղաները կփորձեն խաղալ իրենց խաղը, եւ, իհարկե, մենք ունենք նաեւ «պլան Բ», որը կօգտագործենք խաղի ժամանակ,եթե հարկավոր լինի:Վերջերս մենք երկու ընկերական հանդիպում անցկացրինք «Ալաշկերտի» եւ «Լոռիի» հետ եւ խաղալով Հայաստանի ուժեղ թիմերի հետ` մենք վատ արդյունքներ չգրանցեցինք: Մենք պատրաստ ենք նաեւ հոգեբանորեն,որովհետեւ երկար ժամանակ է, ինչ սկսել ենք նախապատրաստվել հանդիպումներին»,- ասաց Արթուր Ոսկանյանը` ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին:

Ե՛ւ հավաքականի գլխավոր մարզչի, ե՛ւ հավաքականի ֆուտբոլիստների խոսքերը լսելուց հետո իրոք կարելի է հանգել այն եզրակացմանը,որ մեր ֆուտբոլիստները պատրաստ են «կռիվ տալ» հզորագույնների հետ: Չպետք է մոռանալ նաեւ այն փաստը,որ Եվրոպայի առաջնության ժամանակ հանդիպումներին ներկա են գտնվելու մի շարք սկաուտներ, որոնք ուշիուշով հետեւելու են բոլոր երիտասարդների մրցելույթներին:

Այդ թեմային «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը,որը նշել էր,որ մեր ֆուտբոլիստները պետք է ամեն բան անեն, որ երեւան սկաուտների աչքերին:

Եւս մեկ անգամ շեշտենք այն փաստը, որ Հայաստանի Մ-19 հավաքականը ֆավորիտ չի Եվրոպայի առաջնությունում, բայց այս մրցաշարը շատ բան կարող է տալ մեր ֆուտբոլիստներին, եւ, հաշվի առնելով շատ կարեւոր մի հանգամանք,այն է` հավաքականում կան նորեկներ,որոնք զգալիորեն ուժեղացրել են թիմը,պետք է ասել,որ ֆավորիտ չենք,բայց նվեր էլ չենք եվրոպական «գիշատիչների» համար:

Հավաքականի նորեկներից մեկը` Յուրի Օգանեսյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Մենք պատրաստ ենք մրցաշարին: Մենք կարող ենք բոլորին ապացուցել,որ ուղղակի չենք մասնակցում այս առաջնությանը: Ես դեռ նոր եմ հավաքականում եւ կարող եմ ասել, որ մենք իսկական միասնական թիմ ենք»: Ամեն դեպքում, հուսանք,որ մեր երիտասարդական հավաքականը հաջող ելույթներ կունենա, եւ այս առաջնությունը կօգնի մեր ֆուտբոլիստներին ավելի վարձրակարգ ակումբներ տեղափոխվել:

Հավելենք, որ Եվրոպայի Մ-19 առաջնությունը կավարտվի հուլիսի 27-ին:Հանդիպումներ կանցկացվեն Հանրապետական մարզադաշտում,Ավանի ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:

Մեր ընտրանին իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:Մեր թիմի մրցակիցը կլինեն իսպանացիները:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս