Armenian text to speach

Հանուն Դենիս Ջորկաեֆի ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն փոխնախագահ. ArmLur. am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստ է հրավիրել, նպատակ ունի փոխել կանոնադրությունը:

Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ են ներկայացրել՝ նպատակ ունենալով փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՖՖ կանոնադրությունում։

ՀՖՖ-ի առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներին ներկայացվող պահանջներին։ Գործող կանոնադրությամբ թեկնածուն պետք է վերջին մեկ տարում մշտապես բնակված լինի Հայաստանում և տիրապետի հայերենին։ Նախագծով առաջարկվում է վերացնել այս երկու պահանջները՝ պահպանելով ՀՀ քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։

Մյուս փոփոխությունը վերաբերում է պաշտոնավարման ժամկետների հաշվարկին։ Առաջարկվում է, որ եթե անձը տվյալ պաշտոնում պաշտոնավարել է երկու տարուց պակաս, այդ ժամանակահատվածը չհաշվարկվի որպես մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի և ավելի պաշտոնավարման դեպքում հաշվարկվի որպես ամբողջական ժամկետ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունները քննարկվում են ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների համատեքստում։ ՀՖՖ-ի ղեկավարության համար պայքարում է Դենիս Ջորկաեֆը, Յուրի Ջորկաեֆի եղբայրը, ով հայրենի չի տիրապետում և ՀՀ-ում չի բնակվում:

«Ժողովուրդ»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն ՀՖՖ փոխնախագահ պաշտոնում լինելու է Արսեն Բալաբեկյանը և ֆեդերացիայի հետ կապված հարցեր «լուծողը» ինքն է լինելու: Մենք տեղեկացանք, որ Բալաբեկյանի թեկնածությունն առաջ է տանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը:

Մյուս կողմից՝ ֆուտբոլային երկրպագուների «ՖԱՖ» շարժման շրջանակներում, ըստ շրջանառվող տեղեկությունների, ցանկալի թեկնածու է համարվում Գևորգ Ղազարյանը։

Այսպիսով, ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգում ընդգրկված կանոնադրական փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ դեկտեմբերին սպասվող ընտրությունների համար:

Սոնա Գրիգորյան




Լրահոս