Երեւան քաղաքի այսօրվա ճարտարապետական տեսքի, «հին Էրիվանի» ջերմության, քանդած շինությունների եւ երազանքի քաղաքի մասին զրուցեցինք Դավիթ Ամալյանի հետ:- Խոսքերով չեմ կարեղ ասել, թե ինչքան բան է փոխվել մեր քաղաքում, բայց էսօրվա Երեւանի մեջ Երեւան քիչ կա: Ջերմություն չկա, մի քիչ արհեստականացվել ու եւրոպականացվել է: Քաղաքը ավելի շատ «բամբանեռկի ա» նմանվել: Փայլուն բաները շատացել են, իսկ ջերմությունը` պակասել: Էն 5 հարկանի բակերի մարդկային անկեղծ հարաբերություններն էլ չկան: Էն ամենն, ինչ-որ փոքր ժամանակ ունեցել եմ, այլեւս չկա: Չեմ ուզում հերթական բողոքականը լինեմ, այսօր էլ բաներ կան, որ լավն են, բայց քիչ ա, շատ քիչ: – Ի՞նչն է այսօր պակասում:- Այսօր էն հասարակությունը չկա: Մեր ժամանակվա «լավ տղու» չափանիշներն ուրիշ էին: «Լավ տղեն» նա էր, ով Սեւակ ու Չարենց գիտեր: Մեր ժամանակվա նույնիսկ հանցագործ էրեւանցի տղեն ինտելեկտուալ որոշակի չափանիշներով մարդ էր: Էսօրվա Երեւանի «լավ տղու» չափանիշը դարձել է նյութը, այսինքն` փողատերը արդեն «լավ տղու» համբավ է վայելում:- Ճարտարապետական տեսքի մասին ի՞նչ կասեք: – Ինձ դուր են գալիս ցածրահարկ շենքերը: Ինչքան հողին մոտիկ, այնքան լավ: Ես եղել եմ Եվրոպայում ու շատ բարձրահարկ շենքեր եմ տեսել, եթե այնտեղ դրանք պրոգրեսի ինչ-որ պոռթկումներ են, մենք էտ պրոգրեսը որեւէ մեկին ցույց տալու խնդիրը չունենք: Մենք կարող ենք մեր ավանդական ճարտարապետությունը ունենանք` մեր ցածր շինություններով ներկայանանք: Երաժշտության մեջ էլ տենց բան կա. պարտադիր չի բարձր ձայն հանես, որ քեզ լսեն, կարեւորը էն ա, ի՞նչ ձայն հանես: Պարտադիր չի, որ շենքը բարձր լինի, որ դրա մեջ ասելիք լինի: Ուրիշ բան, որ բիզնեսի նպատակ կա: Այդ բարձրահարկերում հիմնականում օֆիսային տարածքներ են, ինչքան շատ վերցնես, այդքան իրանց եկամուտը շատ կլինի, դա էլ արդեն ուրիշ խնդիր ա: Բայց ճարտարապետական առումով ես շատ բան չեմ հասկանում, ի տարբերություն իմ հասկացող ընկերների, որոնք բողոքում են եւ իրանց բողոքը հիմնավորում:- Երիտասարդական պալատի քանդելուն ինչպե՞ս արձագանքեցիք:- Կուկուռուզնիկից առաջ էնքան կարեւոր բաներ քանդեցին, հեչ վեջները չէր ոչ մեկի: Մարդկանց մեջից ամեն ինչ քանդեցին: Դե կուկուռուզնիկն էլ մի հիշողություն էր, որը էլ չկա: Մեր բակում ցայտաղբյուր կար, որ շատ սիրել եմ, լավ հուշեր ունեի կապված հետը: Հոգնած տուն գալուց ծարավս հագեցնում էի, նոր տուն բարձրանում: Դա էլ քանդեցին, թե ո՞ւմ էր խանգարում: Հիմա մեր բակով, որ անցնում ես, էտ ցայտաղբյուրն էլ չկա, փոխարենը քարուքանդ ինչ-որ բան է:- Ինչպիսի՞ Երեւան կցանկանայիք ունենալ:- Ես կուզեմ Երեւանը լինի կոլորիտային, էրեւան դառնա էլի, դուրս գա էտ էլիտառությունից: Հյուսիսային պողոտան էլ իմ ասած հերթական տարածությունն ա: Որ ասեմ, զբոսնելուց առանձնապես մեծ հաճույք եմ ստանում, էդպես չի: Հերթական երեւանյան փողոցն ա: Ես հաճույք եմ ստանում Պրոսպեկտով, Աբովյանով իջնել-բարձրանալուց: Չնայած էտ բարձրահարկ «ախմախությունները», որ բարձրացել են, կոտրել են Աբովյան փողոցի կոլորիտը: Հյուսիսային պողոտան նման ա Եղեգնաձորի եւ Մարտունու միջեւ ընկած դժվարանցնելի Սելիմի լեռնանցքին: Էտ պողոտայի երկու կողմից մարդիկ են քայլում:- Ո՞րն է մեր քաղաքի Ձեր սիրած փողոցը:- Ամենասիրածս Բայրոնի փողոցն է: Չգիտեմ, ինչո՞ւ, բայց շատ եմ սիրում, կուզենայի այդ փողոցի վրա ապրել: – Ի՞նչն է պակասում այսօր մեզանում:- Սեր ու ջերմություն որ լինի միմյանց հանդեպ, լավ կլինի: Եթե մենք միմյանց հարգենք ու սիրենք, քաղաքն էլ կսիրենք: Անտարբեր ենք մեր քաղաքի նկատմամբ, պետք է ուշադիր լինենք մեր տան հանդեպ: Տհաճ երեւույթներն էլ առկա են մեզանում. մեքենայի միջից ծխախոտ նետելը, բայց միեւնույն ա անում են: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԹՈՂ ԵՐԵՎԱՆԸ ԴՈՒՐՍ ԳԱ ԷՏ ԷԼԻՏԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ