Հայաստանում տաքսի ծառայությունների ոլորտն այդպես էլ չի կանոնակարգվում: Պարզվում է` կառավարության վերջին կառուցվածքային փոփոխություններից հետո տաքսիների ոլորտը հայտնվել է է՛լ ավելի բարձիթողի վիճակում:
2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարեւոր որոշումներից է լինելու մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելը: Իսկ, ահա, Շիրակի մարզում բիզնես ֆորումի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարներից: Սա նշանակում է, որ Երեւանում ազատվում են ամսական 12 հազար, մարզերում` 8 հազար դրամ վճարից: Վարչապետի այս հայտարարությունից հետո հարյուրավոր տաքսու վարորդներ տեւական ժամանակ է` չեն վճարում 8 եւ 12 հազար դրամ վճարը: Բայց, չնայած սրան, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում դեռեւս փոփոխություններ տեղի չեն ունեցել:
Հիշեցնենք` 2015 թվականին ընդունված լիցենզավորման կարգով տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանված ամսական տուրքը Երեւանում կազմում է 12 հազար դրամ, ՀՀ մյուս քաղաքներում` 8000, 7000, գյուղերում՝ 5000, սահմանամերձ բնակավայրերում` 4000 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կարգի ընդունումից հետո, պաշտոնական տվյալներով, լիցենզավորվել էր 7769 տրանսպորտային միջոց, որոնցից 5334-ը ֆիզիկական անձինք են, իսկ 165-ը` տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ` 2435 տրանսպորտային միջոցներով:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման գործակալության (նախկինում` Տրանսպորտի, կապի նախարարության կազմում էր) պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, նկատեց, որ այժմ տաքսիների ոլորտը չի վերահսկվում: Մասնագետի խոսքերով` այն պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով:
«Ոչ թե հանվել է, այլ տաքսի ծառայության լիցենզավորման օրենքը գործում է, ուղղակի վերահսկողություն չկա, որը, հույս ունենք, շուտով կկարգավորվի: Դե, կառուցվածքային փոփոխություններից հետո տեսչական նոր մարմին ստեղծվեց: Հիմա կանոնավոր ուղղությամբ սկսել են աշխատել, բայց տաքսիների մասով դեռ չեն վերահսկում: Նախարարությունն այլեւս տեսչություն չունի, մենք տեղափոխվել ենք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, այնտեղ լիցենզավորման նոր կարգ է մշակվում»,- տեղեկացրեց Ստեփանյանը:
Նրա խոսքով` «Տաքսու վարորդներն էլ են թյուրիմացության մեջ, վարչապետը հայտարարեց, բայց դա, ասենք, ազդակ է, հանձնարարություն կամ առաջարկ է պետական համապատասխան լիազոր մարմիններին, որ այդ տեսակի նոր կարգ մշակեն ու վարչապետի մոտեցումնները, հանձնարարությունները դնեն դրա հիմքում: Բայց քանի դեռ նոր կարգ չի ընդունվել, հինը գործում է: Հին կարգը դեռ ոչ ոք ուժը կորցրած չի ճանաչել: Այսինքն` հիմա լիցենզիա ունեցողները շարունակում են պետական տուրքը մուծել, իսկ ուղղակի հակասությունն այն է, որ հսկողություն չկա, մեծ մասը բերեցին հանձնեցին լիցենզիան, բայց հին օրենքն է գործում»,- հայտարարեց պաշտոնյան:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` տաքսու վարորդները, չվճարելով այդ գումարները, հետագայում խնդիրներ կունենա՞ն կուտակված պարտքերի հետ, թե՞ ոչ, Արայիկ Ստեփանյանը չկարողացավ որեւէ բան ասել: «Եթե վերահսկողությունը սկսվեց… ես ուղղակի չեմ կարող ասել, հիմա վերահսկողություն կլինի, թե նոր կարգը կմշակվի, ու նոր օրենսդրությամբ կսկսվի վերահսկողությունը: Քանի որ հին կարգով վերահսկողություն սկսելը մի քիչ ճիշտ չի լինի, որովհետեւ վարչապետը հայտարարեց, եւ պետք է փոփոխություն անենք, ապա վերահսկենք արդեն նոր օրենքով, որպեսզի վարչապետի հանձնարարությունն էլ հիմքում դրվի»,- նշեց Ստեփանյանը: Նա զրույցի ընթացքում դժվարացավ ժամկետներ նշել, թե երբ պատրաստ կլինի փոփոխությունների փաթեթը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առանց լիցենզիայի մարդատար-տաքսիների մասով տրանսպորտային տեսչության կողմից 2016-2018 թվականներին կայացվել են թվով 5078 վարչական ակտեր, որից վճարվել են 2455-ը: Թվով 3623 վարչական ակտերի մասով վարչական հասցեատերերի կողմից վճարումներ չեն կատարվել` հաշվի առնելով նրանց սոցիալ-տնտեսական պայմանները: Եւ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է հերթական համաներումը կիրառել լիցենզավորման կարգը խախտած անհատ տաքսի մեքենաների վարորդների նկատմամբ։ Բայց, մասնագետների պնդմամբ, տուգանքները նախ պետք է կանխարգելիչ նշանակություն ունենան։ Չէ՞ որ մարդկանց մոտ կառաջանան սպասումներ, որ նման համաներումներ կլինեն, ու արդեն օրենքի պահանջը կդառնա երկրորդական. պարզապես չեն կատարի:
Ի դեպ, գործադիր մարմնի ղեկավարը հույս էր հայտնել, որ այս հարկային արտոնություններից հետո տաքսու վարորդները պետք է հետեւողականորեն աշխատեն սպասարկման մակարդակը բարձրացնելու համար:
Բայց, արի ու տես, մենք` ՀՀ քաղաքացիներս, շատ դեպքերում տաքսի կանգնեցնելուց վայրկյաններ անց ափսոսում ենք դրա համար. ստիպված ենք լինում փնթի, «ռաբիս քոքած քյառթու», մուննաթով, շատախոս ու դժգոհող վարորդին վստահել մեր կյանքը: Հուսանք` վարչապետը հետեւողական կլինի իր տված հանձնարարականին, իսկ, ահա, տաքսիների ոլորտի անմիջական վերահսկողը` սուպերնախարար Սուրեն Պապիկյանը, ի վերջո կհանձնարարի զբաղվել վարչապետի հայտարարություններին իրավական ձեւակերպումներ տալու կարեւորագույն գործով:
Սյունէ Համբարձումյան