ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՃՈ պետի տեղակալի ազատումն ու դատավոր Մանուշակ Պետրոսյանի նեղացվածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 5–ին, Վերաքննիչ քրեական դատարանում կայացել է միջոցառում, որի ընթացքում նախատեսված է եղել ԲԴԽ–ի անունից Մանուշակ Պետրոսյանին համապատասխան պատվոգրի հանձնում դատական համակարգում երկար տարիների աշխատանքային վաստակի համար։ Սակայն Մանուշակ Պետրոսյանը հրաժարվել է ընդունել ԲԴԽ–ի պատվոգիրը՝ պատճառաբանելով դատավոր Դավիթ Գրիգորյանի հետտեղիունեցող գործընթացների հետ կապված ԲԴԽ–ի դիրքորոշումը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավոր Պետրոսյանի նեղվածությունը այլ բանի հետ է կապված. նա նեղացել է իշխանություններից իր պաշտոնաթող ամուսնու հարցով:

Նշենք, որ Մանուշակ Պետրոսյանի լիազորությունները դադարեցվել էին նրա պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Մանուշակ Պետրոսյանից հետաքրքրվել, թե ինչու է նա հրաժարվել վերցնել պատվոգիրը, ի պատասխան` վերջինս ասաց, թե Դատավորների միության անհարգալից վերաբերմունքի հետ է կապված իր` պատվոգիրը չվերցնելու հանգամանքը, իսկ թե ինչ անհարգալից վերաբերմունքի մասին է խոսքը, դատավոր Պետրոսյանը չմանրամասնեց՝ անջատելով հեռախոսը:

Դատավոր Մանուշակ Պետրոսյանի կողմից ԲԴԽ-ի պատվոգիրը չվերցնելու հանգամանքը բավականին խորը արմատներ ունի:
Մասնավորապես, այս տարվա հունիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով, աշխատանքից ազատվել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Եղիազարյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։

Իսկ թե ինչն էր Նիկողայոս Եղիազարյանի ազատման պատճառը, ոստիկանությունը չէր մանրամասնել: Պարզվում է, որ Նիկողայոս Եղիազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի պաշտոնաթող դատավոր Մանուշակ Պետրոսյանի ամուսինն է, որի ազատումը խիստ վրդովել է նրանց, եւ դատական համակարգում տարածված լուրերի համաձայն, պատվոգրի չվերցնելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ դատավոր Պետրոսյանն իր ամուսնու ազատումից հետո նեղացած է իշխանություններից:

Դատելով իրավիճակից` դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կատարվածն առիթ է եղել այն բանի, որ դատավորը պատվոգիրը չվերցնի, սակայն դատական համակարգում առաջ են քաշում նրա` պաշտոնից ազատված ամուսնու հանգամանքը: Հիշեցնենք, որ հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։ Իսկ, ահա, այս օրերին 100 փաստաբան պատրաստ է պաշտպանել դատավորի շահերը:

Քնար Մանուկյան




Լրահոս