Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմը տեղեկություն տարածեց այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի ներկայացրած դիմումը, ու այն կքննվի առաջնահերթության կարգով:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել էր քննություն չիրականացնել, այլ խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով: Այդ գործը ՍԴ-ին էր ուղարկվել Հայաստանի եռաստիճան դատարաններից, որտեղ խուսափեցին վերջնական պատասխանատվություն վերցնել իրենց վրա, քննել մեղադրյալ երկրորդ նախագահի քրգործը:
Այնպիսի տպավորություն է, որ իրապես Հայաստանում դեռ չկա ինքնուրույն, անկախ ու կայացած դատական համակարգ, որը կկարողանա որոշում կայացնել ու «տեր կանգնել» իր վճռին: Հատկապես Քոչարյանի գործով մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը: Ու հիմա, ինչպես ասում են, գնդակը գտնվում է ՄԻԵԴ-ի դաշտում:
Մինչ բոլորը քննարկում են, թե Քոչարյանն ամենազոր է եւ կարողանում է հարցեր լուծել անգամ Ստրասբուրգում, եւ նրա գումարներից բաժին են հասնում նաեւ եվրոպական դատարանի դատավորներին, իրականությունը շատ ավելի պարզ է:
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ այս տարվա հունիսի 19-ին գրել էր, որ2013 թվականի հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի փոփոխություններիթիվ 16 արձանագրությունը շրջադարձային է լինելու Հայաստանում այսօր քննվող մի շարք աղմկահարույց գործերի համար:
Հիշեցնենք, որ այդ կոնվենցիան ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 2016թ.-ին` 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ու այնտեղ հստակ ֆիքսված է, որ ՄԻԵԴ-ը այդ փաստաթղթի ստորագրումից հետոպետք է բավականին օպերատիվ արձագանքի խնդիրներին` կապված հատկապես կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դրույթների հետ: Եւ հիմա պարզապես կիրառվում է 2016-ին ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային պարտավորությունը:
Ուզենք, թե չուզենք, այսօր Հայաստանում քննվող մի շարք քրեական գործեր բողոքարկվելու են ՄԻԵԴ-ում, ու պետք է 2016 թվականին ընդունված կոնվենցիայի մասին հիշել ամեն օր ու ամեն անգամ չզարմանալ, թե ինչպես հաջողվեց ՄԻԵԴ-ում «ծանոթ գտնել» ու գործերն առաջ տանել: Հաջորդ խնդիրը, թերեւս, կլինի Մանվել Գրիգորյանի առողջական հարցով: