ԲԴԽ-ին կրկին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավորների թեկնածուները շարունակում են դատի տալ Բարձրագույն դատական խորհրդին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարտին Մանուչարյանը դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին մայիսի 22-ի կայացված քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը իրեն անցած համարել եւ, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, ՀՀ արդարադատության ակադեմիա ուղարկվող դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացման բաժնի ցուցակում ընդգրկել:

Նշենք, որ մայիսի 22-ին որոշումը կայացրել են նախկին ԲԴԽ անդամները` ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, եւ դատավորների թեկնածուները բողոքարկում են նախկին ԲԴԽ-ի որոշումները: Ի դեպ, սա միակ հայցը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` դատավորի թեկնածու Մանիկ Սանթրոսյանը եւս դիմել էր ՀՀ վարչական դատարան:

Նա էլ պահանջում էր ստիպել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին անվավեր ճանաչել 2019թ. քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությունն ամփոփելու որոշումը եւ, որպես հետեւանք, թույլատրել իրեն կրկին մասնակցել դատավորների թեկնածուների հավակնորդների քննության բանավոր փուլին:

Թե ինչպես կվարվի այս դիմումների հետ դատարանը, ժամանակը ցույց կտա:




Լրահոս