Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր. Արմեն Սարգսյանի բաց նամակը` Գյումրիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոնդ շնորհավոր, Գյումրի, իմ սեր

«Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնույթն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ:

Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաև Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի»:

Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Սիրելի՛ գյումրեցիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ հյուրեր,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գյումրիի օրվա առթիվ:

Այս տարի քաղաքի տոնը անցկացվում է «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Եվ դա պատահական չէ, որովհետև Գյումրին տվել է և տալիս է խոսքի ու գործի բազում իսկական վարպետներ, որոնց ստեղծածը մնայուն արժեքներ են:

Գյումրվա ավանդույթները, պատմությունը, լեզուն, կենցաղը գյումրեցու հետ միասին ձևավորում են քաղաքի կոլորիտը: Եվ ամեն ինչ պետք է անել, որ այն ոչ միայն չկորչի, այլ դառնա ավելի գունագեղ և գրավիչ:

Իմ բոլոր այցելությունները Գյումրի ունեն հստակ նպատակ՝ ցույց տալ, որ Գյումրին ապրում է, ամեն ինչ անել, որ այնտեղ կյանքը դառնա առավել աշխույժ, լեցուն ու գրավիչ: Ցույց տալ Հայաստանի բազմազանությունը նաև Գյումրու օրինակով, որտեղ մեկ անգամ այցելելով՝ սիրտդ իսկապես կկպչի նրան:

Գյումրին չպետք է մնա արվեստի ու աղետի արանքում: Գյումրին պիտի աղետը թողնի հիշողության մեջ ու արվեստով լցնի իր կյանքը՝ ապրելու, ստեղծելու, արարելու արվեստով:

Սիրելի՛ գյումրեցիներ,

Դուք մի շատ լավ խոսք ունեք՝ «Լացն ու խնդումը պոյեզի գծերի պես միշտ իրար կողքի կերթան»: Պիտի այնպես անենք, որ լացի «պոյեզը» երբեք խնդումի «պոյեզի» հետևից չհասնի:

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի:

Եվ ինչպես պոետն է ասում.

«Արագածին բազմած արծիվ,
Հավերժ կապրես, իմ քաղաք»:




Լրահոս