Ընտրովի պատիժներ նշանակելը շարունակվում է նաև նոր Հայաստանում. պետք է անհապաղ պաշտոնանկություններ լինեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մշտապես արձանագրվել են ընտրովի պատիժների դրսեւորումներ: Բայց եթե նախկինում այդ գործելաոճն ուղղորդված էր ամենավերին օղակներից՝ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կողմից, ապա այսօր Նիկոլ Փաշինյանը հաստատապես չի հովանավորում որեւէ մեկին:

Պարզապես նրան շրջապատել են մարդիկ, որոնք հովանավորում են այս կամ այն անձնավորությանը, եւ պատրանքներ ստեղծելու համար, թե ամեն ինչ արդար է, թիրախավորված մի քանի մարդկանց վրա են հարձակվում:

Թարմ դեպքը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու` բանակի ծառայության հարցն է: Այս մարդը օրուգիշեր զորամասերով պտտվում է ու խոսում մարդկանց հավասարության, արտոնյալների բացակայության մասին, պատժում է հանդուգն սպաներին, բայց ինքն իր որդուն արտոնյալ պայմաններում ծառայության է ուղարկում Վայքում: Ու միայն այս փաստը բավարար է, որպեսզի Արտակ Դավթյանը հրաժեշտ տա իր պաշտոնին ու ընդհանրապես հեռու մնա բանակից:

Մյուս դեպքը ՀՀ առողջապահության նախարարին է վերաբերում: Անհերքելի է, որ Արսեն Թորոսյանը բժշկական ինչ-որ փաստաթղթերի ներկայացմամբ ազատվել է բանակում հետագա ծառայությունից: Հիմա, պարզվում է, (համացանցում գրվեց), որ այդ հիմքերը այնքան էլ ամուր կամ օրինական չեն, իսկ հիվանդության պատմությունն էլ կորել է հիվանդանոցից: Կհիշեք՝ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժպ Ռուբեն Հայրապետյանը հեռացվեց աշխատանքից, քանի որ նրան վերագրվեց արտագրության մեղքը: Նույն իրավիճակն է առողջապահության նախարարի մասով. նա պետք է հեռացվի պետական համակարգից դասալքության համար, որքան էլ ունենա վարչապետի մամուլի քարտուղար Վլ. Կարապետյանի հովանավորությունը:

Մեկ այլ խնդիր է ՀՀ ոստիկանությունը, որը ընկել է հնչեղ անուններ ունեցող քրեական հեղինակությունների հետեւից, բայց մարզերում նմանները ցեցի պես շատանում են: Օրինակ՝ ոստիկանները բռնում, ցուցադրաբար կոտրում են Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի ձեռքը, որի կատարած հանցանքի մասին ոչ մի խոսք չկա, իսկ եթե խոսենք ենթամշակույթի մասին, ապա նա բարեգործություն է անում, Հռոմի կարդինալների հետ է շփվում: Փոխարենը Ճամբարակի ավտոկայարանի մոտակայքում, որը ոստիկանության բաժանմունքից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա է, ծեծկռտուք է եղել, որն ուղեկցվել է կրակոցներով, սակայն ՀՀ ոստիկանությունը կատարվածին չի միջամտել:

Ըստ tert.am-ի. «Ոչ թե որովհետեւ չի լսել եւ հաղորդում չի ստացել, այլ որովհետեւ միջադեպի մասնակիցներից են եղել քրեական հեղինակություններ, որոնց նկատմամբ օրինական գործողություններ իրականացնելը տեղի ոստիկանության ուժերից վեր է: Ճամբարակում գրեթե ցանկացած հարց լուծվում է «օրենքով գողերի» միջոցով, հատկապես որ նրանց հետ սերտ կապեր ունի քաղաքային իշխանությունը»:

Այս առիթով էլ պետք է անհապաղ պաշտոնանկություններ լինեն:




Լրահոս