Ինչո՞ւ էին «աղմկում» նախորդ իշխանությունները Փաշինյանի հայտարարությունից հետո. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ առավոտյան գնացել է Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ հատուկ գաղտնի առաջին մասում ամբողջությամբ ծանոթացել է վարչապետի կողմից մատնանշված գաղտնի զեկույցին: Մարուքյանը հայտարարել է, որ իրականում նման զեկույց գոյություն ունի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ուսումնասիրել է դեռ Սերժ Սարգսյանի օրոք կազմված գաղտնի զեկույցը: «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ եւ ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»,-նշել էր նա:

Մարուքյանն էլ փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո հայտարարեց. «Իսկ թե ինչի՞ մասին է, ի՞նչ պետք է արվի, ըստ էության, մեր վիճակի մասին է՝ գրված դեռ 2014 թվականին, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը, եւ ինչ անելիքներ կան: Մենք այդ անելիքներն անելու ենք եւ Հայաստանը տանելու ենք առաջ, որեւէ բան մեզ ուղղակի չի կասեցնելու, մեր առաջընթացը չի կասեցնելու»: Իսկ եթե նման փաստաթուղթ կա, ինչո՞ւ էին «աղմկում» նախորդ իշխանությունները Փաշինյանի հայտարարությունից հետո: Հայաստանի Հանրապետական կուսակցության պահվածքն այս պարագայում առնվազն զարմանալի է: Կարծես թե նախորդ իշխանությունները շարունակում են իրենց հերքողական քաղաքականությունը, որը ոչ մի օգուտ չի տալու անգամ իրենց:

Ճիշտ կլիներ այս դեպքում լռել, որպեսզի ավելի չխորացնեին այն իրավիճակը, որը տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր շուրջ ստեղծել էր: Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, թե այսքանից հետո կոնկրետ ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի այդ իրավիճակի մեղավորները կրեն իրենց պատիժը: Ի վերջո, միայն տեղեկանալը իրավիճակի մասին չի կարող որեւէ օգուտ տալ մի պետության, որը միառժամանակ կաթվածահար վիճակում է գտնվել: Մնում է սպասել այն քայլերին, որն այս հարցի շուրջ կձեռնարկեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը:




Լրահոս