Ինչ միջոցառումներ են սպասվում Գյումրիում՝ նվիրված Անկախության տոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ից:

Քաղաքի տարբեր հատվածներում կլինեն 7 երաժշտական հարթակներ, մասնավորապես վինիլ, էլեկտրոնային, ռոք, փոփ, դասական, հայկական ժողովրդական երաժշտության սիրահարների համար:

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ կանցկացվի հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ:

Շահումյան փողոցում կցուցադրվեն գյումրեցի հայտնի արհեստավորների և արվեստագետների աշխատանքներն ու ստեղծագործությունները: Ռուսթավելի փողոցում առանձին տաղավարներով կներկայացվի ՀՀ մարզերի կոլորիտը:

Վարդանանց հրապարակը վերածվելու է մանկական ավանի, որտեղ տեղի կունենան միջոցառումներ տարբեր տարիքի երեխաների համար:

«Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի կունենա գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

Մինչև ժամը 23:00-ը Գյումրու Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով կգործեն Երևանում հայտնի բարերն ու սրճարանները:




Լրահոս