Բաղրամյան համայնքի ղեկավարը կատարել է գումարների յուրացումներ և վատնումներ, կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2016թ.-ից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է գումարների յուրացումներ եւ վատնումներ, ինչպես նաեւ կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր:

Մասնավորապես՝ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2017 եւ 2018թթ. ավագանու նիստի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելով 2017թ. եւ 2018թ. բյուջեներով նախատեսված ծախսային մասով գումարներ հատկացնելու եւ պայմանագրեր կնքելու հարցը՝ համայնքի համար տնկիներ ձեռք բերելու, համայնքի ճանապարհների վերանորոգման, ինչպես նաեւ՝ ոռոգման ջրագծերի վերանորոգման համար, պայմանագրեր է կնքել համապատասխան անհատ ձեռներեցների հետ: Նշված պայմանագրերի հիման վրա համայնքապետարանի հաշվեհամարից անհատ ձեռներեցների հաշվեհամարներին փոխանցված գումարներից վերջիններս, համայնքի ղեկավարի խնդրանքով, որոշակի մասը պահել են որպես հարկային վճարումների գումար, իսկ մնացած մասը՝ կանխիկացրել եւ տվել համայնքի ղեկավարին: Վերջինս նշված համայնքի ճանապարհների բարեկարգման, ինչպես նաեւ՝ տնկիներ ձեռք բերելու համար ծախսել է նշված գումարների մի մասը, իսկ մնացած խոշոր եւ զգալի չափերի գումարները՝ յուրացման եղանակով հափշտակել:

Այնուհետեւ, վերը նշված գործարքների արդյունքում կատարված յուրացման փաստերը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատել ու անհատ ձեռներեցների ստորագրմանն է ներկայացրել պայմանագրերով նախատեսված աշխատանքներ կատարելու մասին կեղծ տվյալներ պարունակող՝ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կատարողական ակտերը եւ արձանագրությունները, որից հետո նշված փաստաթղթերը հանձնել է համայնքապետարանի հաշվապահություն:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով գույք հափշտակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի երաժշտական դպրոցի տնօրենի եւ նույն համայնքի հաշվապահի հետ:

Արդյունքում, երաժշտական դպրոցի տնօրենի կողմից 2017թ. դեկտեմբերից 2018թ օգոստոսը, ինչպես նաեւ՝ նույն դպրոցի հաշվապահի կողմից՝ 2018թ. հունվարից 2018թ. օգոստոսը աշխատանքի չհաճախելու պայմաններում, նշված ժամանակահատվածներում համայնքի հաշվապահի կողմից կազմվել է կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձի ցուցակ, որի արդյունքում որպես աշխատավարձ փոխանցված ընդհանուր՝ խոշոր եւ զգալի չափի գումարները հափշտակվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Անհատ ձեռներեցներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ համայնքի հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երկու անհատ ձեռներեցների եւ երաժշտական դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

Վերը նշված առերեւույթ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:




Լրահոս