Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեղեկություն չունի Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:
«Եթե Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է, չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան, ինչքանով ես եմ հասկանում: Պողոսյանի հետ կապված խոսքն իրավական գործընթացների մասին է` համապատասխան փաստաթղթերի տրամադրման հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:
Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որը նույնպես գտնվում է Ռուսաստանում՝ դեսպան Կոպիրկինը խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին: «Պետք է դիմել համապատասխան մարմիններին։ Այստեղ կարող է դեր խաղալ քաղաքացիության հարցը կամ կան այլ հարցեր», – հավելել է նա:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց չհանձնելու գործընթացը յուրօրինակ ուղերձ է նոր իշխանություններին՝ դեսպանը տվեց բացասական պատասխան՝ ընդգծելով, որ Երևանն ու Մոսկվան ռազմավարական դաշնակիցներ են:
«Միակ «մեսիջը», որ կա մեր կողմից, այն է, որ ՌԴ-ն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մենք եղբայրական ժողովուրդներ ենք», – եզրափակեց նա