Լավ լուրերով. ակնառու փոփոխություններ հետհեղափոխական Հայաստանում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետհեղափոխական Հայաստանում իշխանությունից զրկված, մերժված, երբեմն էլ անարդար վերաբերմունքի հետեւանքով ստվերում հայտնված գործիչների ջանքերով հետեւողականորեն տարածվում է տեղեկություն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չի հաջողվում ձեռքբերումներ արձանագրել: Նշվում է, որ Փաշինյանի իշխանության ներսի թշնամանքն ավելի է խորանում երկրում, քան սերն ու հանդուրժողականությունը: Մարդկանց հաճախ անարդար հետապնդում են եւ այլն:

Իհարկե, այսպես կարելի է շարունակել քննադատել, սակայն իրականում կան բավականին ուշագրավ փաստեր ու փաստարկներ, որոնք խոսում են հետհեղափոխական Հայաստանում ակնառու փոփոխությունների մասին, եւ պետք է դրանք արձանագրել բոլոր դեպքերում: Նախ նկատենք, որ ՀՀ Կառավարության գրեթե բոլոր նիստերի ընթացքում առիթ ենք ունենում լսելու այս կամ այն ձեռքբերումների, լավ լուրերի մասին, որոնք վաղուց սպասված էին:

Մասնավորապես, երեկ ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը»: Նրա խոսքով` մեկ ամսվա տվյալով` գրանցված աշխատողների թիվը 601 000 էր, իսկ 2018թ. մայիսի 20-ից մինչ հիմա Հայաստանում 64.899 աշխատատեղ է բացվել: Համաձայնեք` լուրջ ձեռքբերում է, եւ չի կարելի ուղղակի, քաղաքական նպատակներով թելադրված, անտեսել սա:

Մյուս սպասված լավ նորությունը Սեւանի ջրառի ժամանակ մոտ 30 միլիոն խորանարդ մետր խնայված ջրի մասին հայտարարությունն էր, որի արդյունքում Սեւանի մակարդակը բարձրացել է 2սմ-ով: Մի իրավիճակ, որի մասին տարիներ շարունակ խոսվում էր, սակայն ամեն տարի Սեւանա լիճը ուղղակի թալանվում էր, ջրերը Արարատի մարզ հասնելու ճանապարհին կորում էին, Սեւանի մակարդակը անկում էր ապրում: Իհարկե, բոլորը մտահոգ էին, խոսում էին, բայց ոչինչ չէին անում:

Մյուս լավ լուրը երեկ Կառավարության նիստում որ հնչեց, այն է` ՀՀ կառավարության որոշման արդյունքում «կհիմնանորոգվի ընդհանուր 39.2 կմ ավտոճանապարհ` 4․4 մլրդ դրամով, եւ կիրականացվի ընդհանուր 48.6 կմ ճանապարհի նախագծային աշխատանք` 87մլն դրամով»: Համաձայնեք, որ ճանապարհաշինարարության մակարդակը, փռված ասֆալտի հաստությունն անգամ անզեն աչքով նկատելի է. որակով աշխատանք է արվում` ատկատների ակնկալիք չունենալով:

Այնպես որ, քաղաքական նպատակահարմարությունից, անձնական նկրտումներից ելնելով` իհարկե կարելի է քննադատել գործող Կառավարությանը, բայց օբյեկտիվ չլինել եւ արված աշխատանքը չտեսնելն ուղղակի անկարելի է:




Լրահոս