ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ է ապրելու Սերժ Սարգսյանը, եւ ով է նրա համար տուն կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի բնակարանային հարցն առաջիկայում լուծում կարող է ստանալ: Իսկ մինչ այդ պաշտոնաթող նախագահը ապրում է Ձորաղբյուր գյուղի առանձնատներից մեկում, որն էլ, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում է նրա փեսային՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանին: Պետության կողմից բնակարանով ապահովելու խնդիրը չի լուծվում արդեն մեկուկես տարի, եւ սա այն դեպքում, երբ կառավարության կողմից նրան առանձնատների ավելի քան տասը տարբերակ է առաջարկվել, սակայն ամեն ինչի մասին ամենասկզբից:

Սարգսյանի որոշումը

2018 թվականի ապրիլի 19-ի կառավարության նիստում, որը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի համար միակն էր, նա հրաժարվեց իրեն կառավարության որոշմամբ հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Եվ ավելին` նա հայտարարել էր, թե իր բնակարանի հարցը կքննարկվի միայն այն ժամանակ, երբ վարչապետի աթոռին այլ մարդ կլինի: Սակայն,ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ արդեն կառավարության մայիսի 11-ի նիստը վարում էր Նիկոլ Փաշինյանը, որի ժամանակ էլ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը խնդրեց քննարկման առարկա դարձնել պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու եւ սոցիալական երաշխիքներ տրամադրելու հարցը: Նախարարի պաշտոնակատարի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն, որով պետք է լուծվի Սերժ Սարգսյանին բնակարան հատկացնելու հարցը:

10 առաջարկներն ու մերժումները

Եվ, ահա, դրանից հետո կառավարության կողմից 10 տարբերակ է առաջարկվել ու դրանք բոլորը մերժվել են: Օրինակ` Սերժ Սարգսյանին առանձնատուն է առաջարկվել Ավան վարչական շրջանում, որի արժեքը կազմում է 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար:
Ընդ որում, այդ առանձնատան մոտակայքում է գտնվում նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը: Իսկ, ահա, դրանից առաջ Սերժ Սարգսյանը ցանկացել էր պետությունից ստանալ Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տունը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել: Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տան հաշվեկշռային արժեքը կազմում է 907 մլն 817 հազար ՀՀ դրամ: Սա համարժեք է 2 միլիոն դոլարի: Իսկ, ահա, Սարգսյանի գրասենյակն էլ կառավարությանը առաջարկել է Ազատության պողոտայում առանձնատուն գնել ու տրամադրել Սարգսյանին։ Այս տարբերակը, սակայն, ֆինանսապես ձեռնտու չի եղել։ Այն կիսակառույց վիճակով արժեցել է 6 միլիոն դոլար, եւ մոտ 6 միլիոն դոլար էլ կառավարությունը պիտի ծախսեր այն վերջնական տեսքի բերելու համար:

Կառուցում են նրա համար

Ամեն դեպքում, ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ կառուցվում է առանձնատուն, որը ձեւակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Սակայն հայտնի է, որ այդտեղ կառուցվող առանձնատանն ապրելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկով է Կամո Ավագումյանը: Նա ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը ՌԴ-ում:

Սարգսյանի ունեցվածքը

Եվ Սարգսյանի համար առանձնատուն են կառուցում այն դեպքում, երբ նա բավականին հարուստ է հեռացել: 2018 թվականի մայիսի 2-ին ներկայացված պաշտոնի դադարեցման հայտարարագրում Սերժ Սարգսյանը գրանցել է 1 բնակարան եւ MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I մոդելի ավտոմեքենա: Սարգսյանի փոխառությունները կազմել են 107 մլն 998 657 դրամ:

Դրամական միջոցները կազմել են 25 մլն 200 000 դրամ: Եկամուտները` 19 մլն 871 282 դրամ, որը գոյացել է հետեւյալ միջոցներից` 16 մլն 159 088 դրամ` աշխատանքի վարձատրություն, 3 մլն 712 194 դրամ` տարվա փոխառություններից ստացված եկամուտ:
Սերժ Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող 3 անուն թանկարժեք գույք` հնաոճ իրեր, կտավների հավաքածու, ժամանակակից նկարիչների կտավներ:Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ունեցվածքի վերջին հայտարարագիրը 2017 թվականի տարեկան հայտարարագիրն է, որը ներկայացվել է ս/թ մարտի 20-ին:
Ռիտա Սարգսյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ եւ եկամուտներ:
Հարկային տարվա սկզբին դրամական միջոցները կազմել են 17 մլն 950 000 դրամ, որը հարկային տարվա ավարտին աճել է` դառնալով 18 մլն 600 000 դրամ:

Եկամուտները կազմել են 10 մլն 553 294 դրամ, որը գոյացել է տրված փոխառություններից ստացված տոկոսից:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս