Աղմկահարույց միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը. ստուգվում է մարզպետի մասնակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով այսօր ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականի պաշտոնն զբաղեցնող Հ.Գ.-ն:

Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը»,- գրել է Աբրահամյանը:

Սեպտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

Հիշեցնենք, որ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:

Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առևտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և իր աշխատանքային մի քանի գործընկերների միջև: Արա. Մ.-ն և նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորակասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել է նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն է արել, և վիճաբանությունը շարունակվել է:




Լրահոս