ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով 2019թ. ապրիլին ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը` վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները:
Ապրիլի 19-ին Պողոսյանը հայտնաբերվել էր Մոսկվայում եւ Ռուսաստանի Դաշնությունից քաղաքական ապաստան խնդրել: Այս հարցով, սակայն, մինչ օրս որոշում չկա: Նշենք, որ քաղաքական ապաստան տրամադրելու հարցով որոշումը կայացնում է ՌԴ նախագահի վերահսկողությամբ գործող հանձնաժողովը, եւ դեռեւս հայտնի չէ` Միհրան Պողոսյանին կարտահանձնեն Հայաստանին, թե ոչ:
«Ժողովուրդ» օրաթերթը Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացի շուրջ զրուցեց նրա քեռու՝ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի դստեր, ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի հետ:
-Տիկի՛ն Հարությունյան, բոլորին հայտնի է, որ Ձեր հորաքրոջ տղան` ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ՀՔԾ-ի կողմից ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան հայտնաբերեցին Ռուսաստանի Դաշնությունում: Պողոսյանն, իհարկե, իր նկատմամբ հարուցված քրեական գործը համարել էր քաղաքական հետապնդում: Որպես դատավոր` փորձեք օբյեկտիվ լինել եւ ասել՝ արդյոք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, թե նա այդպիսի մեկնաբանություններով փորձում է խուսափել պատասխանատվությունից: Ի վերջո, նախկին իշխանությունների ժամանակ է այս քրեական գործը բացահատվել, բայց նախկինները նրան պատասխանատվության չկանչեցին եւ գործը կարճեցին:
-Եթե որպես դատավոր եք հարցնում, ես այստեղ օբյեկտիվորեն անաչառ չեմ կարող լինել, քանի որ խոսքը իմ եղբորն է վերաբերում, իսկ ինքը ինձ համար շատ լավ եղբայր է: Ես յուրաքանչյուրին եմ մաղթում ունենալ այնպիսի եղբայր, ինչպիսին Միհրանն է ինձ համար: Ինչ վերաբերում է հարուցված քրեական գործին, կապրենք, կտեսնենք. ես ավելին չեմ կարող ասել, ես չեմ ցանկանա կասկածի տակ առնել մեր իրավապահ մարմինների գործունեությունը: Որեւէ կերպ այստեղ քննադատելու միտում չունեմ, բայց եթե քրեական գործ հարուցված է, դա դեռ չի նշանակում, որ քրեական հանցագործության փաստը, որպես այդպիսին, հաստատված է: Այսինքն` մենք պետք է սպասենք վերջնական դատական ակտին:
-Ձեր եղբայրը Ռուսաստանի Դաշնությունից քաղաքական ապաստան է խնդրել, եւ ՌԴ նախագահի վերահսկողությամբ գործող հանձնաժողովը պետք է որոշում կայացնի: Ի՞նչ գիտեք այնտեղ ընթացող գործընթացից, հիմա նրան տալո՞ւ են ՀՀ իրավապահներին, թե՞ ոչ:
– Քաղաքական ապաստանի մասով, ինչքանով ես գիտեմ, Միհրանը քաղաքական ապաստան չի հայցել, այլ միջազգային պաշտպանության այլ տեսակ: Ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց այն, որ քաղաքական ապաստան չէ, դա գիտեմ: Այսինքն` մամուլում տարածված այդ տեղեկությունը, ըստ էության, ապատեղեկություն է:
-Մանրամասնե՛ք, խնդրում եմ, եթե քաղաքական ապաստան չէ, ապա ի՞նչ միջազգային պաշտպանության տեսակի մասին է խոսքը:
-Այնտեղ` Ռոսաստանում, տերմինալոգիան այլ է, բայց ես` որպես ՄԱԿ-ի փորձագետ փախստականների գծով, ի պաշտոնե որպես դատավոր, վերապատրաստվել եմ այդ ուղղությամբ, տարածաշրջանի մի շարք դատավորների վերապատրաստում եմ: Միջազգային պաշտպանություն տրամադրելու տարբեր հիմքեր կարող են լինել, Ռուսաստանի օրենսդրությանը այս տեսանկյունից ծանոթ չեմ, բայց ես գիտեմ, ըստ իմ ունեցած տեղեկատվության, ապաստան են հայցել, պաշտպանություն են հայցել պետությունից, բայց ոչ քաղաքական հետապնդումների ուժով:
-Նշեցիք, որ ՄԱԿ-ի փորձագետ եք փախստականների գծով: Արդյոք Ձեր եղբորը Դո՞ւք եք հուշել, որ կարող է դիմել ապաստանի պաշտպանության հարցով:
-Չէ՛, ես իրեն նման խորհուրդ չեմ տվել, ավելին` այդ ընթացքում նա հասանելի չի եղել, ես չէի էլ կարող օբյեկտիվորեն իրեն խորհուրդ տալ:
-Հիմա նա տնային կալանքի տակ է, խոսե՞լ եք իր հետ:
-Իր հետ խոսակցություն չեմ ունեցել, ընտանիքի անդամների հետ եմ խոսել, ամեն ինչ նորմալ է:
-Ի վերջո, ի՞նչ գիտեք, նրան արտահանձնելո՞ւ են, թե՞ ոչ:
-Նման տեղեկատվություն ես չունեմ, ես գիտեմ, որ գործը ընթացքում է, եւ վերջնական որոշմանն ենք սպասում: Եթե որոշում կայացվի, որ տրամադրվում է պաշտպանություն, ենթադրվում է, որ այդ պաշտպանության հիման վրա պետք է որ արտահանձնումը մերժվի: Բայց դա իմ տրամաբանությունն է, ես հավաստի տեղեկատվության թե՛ Միհրանի պաշտպաններից, թե՛ իրենից չունեմ: Այսինքն` տրամաբանությունս սա է հուշում, որպես փախստականների գծով փարձագետ, նույնիսկ եթե քաղաքական հետապնդումների մասին է խոսք գնում, ցանկացած այլ դեպքում, եթե պաշտպանություն են տրամադրում, ապա դրա իմաստն այն է, որ տվյալ անձը հնարավորություն ունենա մնալ տվյալ երկրում:
-Իսկ, օրինակ, վիճակագրությունը ի՞նչ է ցույց տալիս, բավարարո՞ւմ են, թե՞ ոչ:
-Ռուսաստանի վերաբերյալ վիճակագրություն չունեմ:
-Իսկ եվրոպական երկրների մասո՞վ:
-Յուրաքանչյուր կոնկրետ գործով կոնկրետ հանգամանքներից է կախված` կտրամադրվի, թե ոչ: Ցանկացած պայմաններում միջազգային պաշտպանություն տրամադրելու համար պետք է հաստատված համարվի այն հանգամանքը, որ տվյալ անձը երկիր վերադառնալու դեպքում վատ իրավիճակում կհայտնվի: Կոնկրետ գործի հանգամանքներից է կախված, կախված է նաեւ կոնկրետ երկրի քաղաքական կամքից, թե ինչքանով է այդ երկիրը ուզում ավելի շատ ներգրավել, ավելի շատ փախստականներ կլինեն կամ պաշտպանություն հայցող անձանց:
-Դուք նորմա՞լ եք համարում, որ Հայաստանի գեներալը պաշտպանություն կամ քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից: Եթե Ձեր եղբայրը արդար է, մաքուր է, թող գար, ապացուցեր, բայց պաշտպանություն խնդրել օտար երկրից մեր երկրի ամոթը չե՞ք համարում:
-Գիտեք, ամոթը եւ վախերը ամենասխալ խորհրդատուներն են, երբեք չպետք է քայլերդ կառուցես` ելնելով նրանից, թե ով ինչ կմտածի, պետք է քայլերդ կառուցես` ելնելով նրանից` ինչ ես ուզում ձեռք բերել: Միհրանի հետ կապված` ես նորից եմ ասում` օբյեկտիվորեն, անաչառ կարծիք չեմ կարող հայտնել. ինքը իմ եղբայր է, եւ իր կողմից ձեռնարկվող ցանկացած քայլը առանց վերապահումների իմ կողմից ընդունվելու է: Ես չեմ համարում, որ ամոթ է, համենայնդեպս, ոչ այս իրավիճակում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՔԿ ՆԱԽԱԳԱՀ. «ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ»
ՀՀ գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի միջեւ նոր կռիվ է հասունանում: ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել եւ դատախազի միջնորդագրի հիման վրա ՔԿ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր, որի դեպքում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի լիազորությունների շրջանակը կտրուկ կսահմանափակվի: Նշենք, որ ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն` կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունների քննարկումը վերապահված է ՀՀՔԿ կարգապահական հանձնաժողովին:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Գլխավոր դատախազը կամ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան մարմին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ, որն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը եւ արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին»: Սակայն, ըստ ընդունված պրակտիկայի, դատախազի ներկայացրած միջնորդությունը քննչական կոմիտեում դառնում է նախնական ուսումնասիրության առարկա, այլ ոչ կարգապահական վարույթի հարուցման հիմք: Ահա հենց այս իրավիճակն էլ, ըստ էության, դատախազությանը ստիպել է գործի անցնել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ` հասկանալու համար, թե կիսում են նրանք արդյոք ՀՀ գլխավոր դատախազության առաջարկությունը, եւ, առհասարակ, արդյոք սա չի վկայում այն մասին, որ դատախազները ամեն ինչ անում են քննիչներին իրենց ենթարկեցնելու համար:
-Պարո՛ն Գրիգորյան, հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել եւ դատախազի միջնորդագրի հիման վրա ՔԿ քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր, որի դեպքում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի լիազորությունների շրջանակը կտրուկ կսահմանափակվի: Նշենք, որ ներկայումս գործող իրավակարգավորումների համաձայն` կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունների քննարկումը վերապահված է ՀՀՔԿ կարգապահական հանձնաժողովին: Արդյոք դատախազությունը այսպես ընդդեմ Ձեզ չի՞ աշխատում:
-Մենք մեր նկատառումները ներկայացրել ենք օրենսդրական նախագծի կապակցությամբ, որում ամեն ինչ ասված է:
-Հիմա փորձենք հասկանալ` արդյոք սրանով դատախազները չեն վախեցնում քննիչներին կամ չեն ուզում ենթարկեցնեն իրենց:
-Ես կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկա: Միանշանակ մի այլ գերատեսչությունը մեկ այլ գերատեսչության ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՇԽԱՏԵԼ Է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երեկ շարունակվում էր Ալեքսադր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Մինչ նիստի մեկնարկը Հ. Սարգսյանը բարկացել է լրագրողների հարցերից: Նրան հատկապես բարկացրել է հոր` Ա. Սարգսյանի` գործարարների հետ ժամանակին 50-50 փայ ունենալու վերաբերյալ հարցը: Հարցին, թե իր ընտանիքին որտեղից խոշոր գումարներ, Հ. Սարգսյանն արձագանքել է. «Աշխատել եմ, ի՞նչ կա, դա ձեզ չի վերաբերվում, հարկայինին դիմե՛ք»: Հ. Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության` սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:
ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է պաշտպան Լեւոն Բաղդասարյանի միջնորդությունը` Գրիգորյանի կալանքը անհապաղ փոխելու, ինչպես նաեւ գրավ կիրառելու վերաբերյալ: Երեկվա նիստի ընթացքում Մ. Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը Գրիգորյանի կալանքը անհապաղ վերացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել: Բաղդասարյանը թվարկել է Մ. Գրիգորյանի առողջական խնդիրները` հավելելով, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հունիսի 11-ի հրամանով «Նաիրի» բկ-ում Մ. Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, որի արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել:
ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստը: Լ. Երանոսյանը ներկա է եղել նիստին, սակայն գործով տուժողները չեն ներկայացել: Նախկին փոխոստիկանապետը մեղադրվում է 2018թ. ապրիլի 16-ին եւ 22-ին Երեւանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու եւ այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: Երանոսյանը երեկ` նախքան նիստի մեկնարկը, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին. նա միայն ասել է, որ մեղքը չի ընդունում: