Տեւական «տուրբուլենտություն». որքա՞ն նպատակահարմար է Լոս Անջելեսից մեկնարկած բախումը աշխարհի աչքի առաջ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դեպքերի այսպիսի սրընթաց զարգացումը մեր երկրի անվտանգության ու կայունության վրա: Ուժային կառույցների` ԱԱԾ ու Ոստիկանության պետերի ղեկավարների հրաժարականներից հաշված օրեր անց` երեկ, տեղեկություն տարածվեց, որ ինքնասպան է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, որը 2008-ին ՀՀ ոստիկանապետն էր ու մարտի մեկի գործով անցնող առանցքային վկա:

Մինչեւ Բջնիի իր առանձնատանը Հարությունյանին սպանված հայտնաբերելը, հիշենք նաեւ, որ մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցը փոխելու միջնորդության քննարկման ընթացքում դատարանումպաշտոնյաների անուններ հիշատակեց, որոնց հետ ժամանակին քննարկել է երկրում արտակարգ ռեժիմ մտցնելու հարցը: Այդ անունների մեջ Աժ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանից, Սերժ Սարգսյանից ու Արմեն Գեւորգյանից բացի կար նաեւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը: Մյուս կողմից` «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս ապրիլի 30-ին է հրապարակել ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ «Մարտի 1»-ի գործով ցուցմունքը, որը թերեւս շատ խոսուն է ու շատ բան է ասում այս գործի մասին:

Ինչեւէ, այստեղ ամբողջ պարզաբանում-քննությունը իրավապահների գործն է: Բայց փաստն այն է, որ երկրում ցնցումները կանգ չեն առնում, «տուրբուլենտությունը» շարունակվում է: Նախկին ոստիականպետի՝ իր առանձնատանը հնչած կրակոցին էլ նախորդեց Լոս Անջելես-Երեւան վարչապետ-ԱԱԾ նախկին տնօրեն «փոխհրաձգությունը»:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականի աղմկահարույց տեքստին, ԱՄՆ-ից հայտարարեց, թե նման հայտարարություն անողի ուսադիրները պետք է նետել աղբամանը: Վանեցյանը Երեւանից արձագանքեց, թե Փաշինյանը խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում, չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասին: «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել, առանց հետեւանքների մասին մտածելու»,-հարցրեց Վանեցյանը:

Մնում է վերլուծել՝ որքան նպատակահարմար է այս հրապարակային հեռակա մենամարտը` Լոս Անջելեսից մեկնարկած այս բախումը աշխարհի աչքի առաջ: Փաշինյանը կատարվածը համեմատեց 90-ականների՝ պետական հեղաջրջման գնացող պուչիստների գործողությունների հետ: Ուրեմն կարելի՞ է ենթադրել, որ դավադրության փորձի այդ կասկածը իրավապահների խոշորացույցի տակ է հայտնվելու:

Եվ, ընդհանրապես, որքա՞ն շահած դուրս կգա Հայաստանն այս «տուրբուլենտությունից»: Ի վերջո, առաջնահերթը երկրի անվտանգ միջավայրն ու կայունությունն են, ոչ թե առանձին խմբային շահերն ու նկրտումները` թերեւս առանձին քաղաքական բեւեռների ստեղծման նոր քարտեզով:




Լրահոս