Գեղարքունիքի մարզից վարկանշային ընտրակարգով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է.
Այսօր առավոտյան ահազանգ եմ ստացել, որ 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոթքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և արդյունքում հավասարություն լինի:
Գնալով ահազանգի հետքերով և միաժամանակ հաշվի առնելով երկաթգծի խիստ կարևոր նշանակությունը՝ անմիջապես կապ ենք հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղեկացրել խնդրի մասին: Կապ հաստատեցինք նաև Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ, որն արդեն տեղյակ էր խնդրի մասին, և անմիջապես հասավ այնտեղ՝ գյուղացիների հետ խոսելու, խնդրի լուծման եզրեր գտնելու:
Տեղեկացնեմ, որ խնդիրն իրականում նոր չէ: Գյուղացիների հետ քննարկել եմ խնդիրը սույն թվականի սեպտեմբերի
7-ին՝ Նորակերտի բնակիչների հետ համայնքային հանդիպման ժամանակ և ասեմ, որ համալիր քննարկումների անհրաժեշտություն կա: Դա է նաև պատճառը, որ ՀՀ կառավարությունն այս մասով մինչ օրս որոշում չունի:
Հետևաբար հորդորում եմ գյուղացիներին բացել այս կարևոր երկաթգիծը և հնարավորություն տալ Գեոպրոմայնինգ գոլդ ընկերությանը՝ շարունակել աշխատանքը. Կառավարությունն արդեն տեղյակ է խնդրին, ակցիան հասել է իր նպատակին: Փոխմարզպետը կլինի համայնքում։ Իսկ արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեմ:
Ի դեպ, երկաթգիծը փակելու ակցիայի կազմակերպիչն ու մասնակիցներից շատերը աշխատում են Սոտքի ոսկու հանքում: