Փաշինյանը` ՄԱԿ-ի ամբիոնից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Միացյալ Ազգերի Կազմակերպության բարձր ամբիոնից առաջինը չէր: Նրա դեբյուտն այստեղ անցած տարի եղավ` արտախորհրդարանական ընտրություններից առաջ: Այս անգամ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանում էլ Նիկոլ Փաշինյանի ելույթի առանցքում անդրադարձն էր Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, կայունությանը, մեր երկրի` հարեւանների հետ ունեցած հարաբերություններին, Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս անգամ էլ նախորդի պես իշխանության ընդդիմախոսներն անմիջապես արձագանքեցին` դժգոհելով, թե վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի ներքաղաքական հարցերը բարձրաձայնեց` նշելով, որ իշխանության գալուց անմիջապես հետո նախաձեռնել են աննախադեպ արմատական միջոցառումների փաթեթ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման նպատակով:

Ընդդիմադիր դաշտում դժգոհում են, թե իրենք էլ ներդրում ունեցել են այդ գործում, դա միայն այս իշխող թիմի ձեռնարկը չէ: Հիշենք, ի դեպ, որ այս նույն ամբիոնից Փաշինյանի ելույթն ուղիղ մեկ տարի առաջ էլ ընդդիմադիրների նույն «հակագրոհին» արժանացավ: Բայց օվկիանոսից այն կողմ ելույթից անմիջապես հետո հենց ՄԱԿ-ի այդ օրերի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ինքը Հայաստանի թավշյա հեղափոխության վերաբերյալ իր հիացմունքն ու զարմանքն արտահայտեց:

Հայաստանի ղեկավարն այս անգամ էլ, ՄԱԿ-ի բարձր ամբիոնից անդրադառնալով Արցախի խնդրին, միջազգային հանրությանը տեղեկացրեց` մեր հակառակորդները ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի` խորհրդային ժամանակների կարգավիճակը, բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը եւ ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը` դուրս գալով Խորհրդային Միության կազմից, Ադրբեջանի այս դիքրոշումը հավասարազոր է Խորհրդային Միության վերականգնման գաղափարին:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Որպես մի ազգ, որն անցել է ցեղասպանության սարսափի միջով, մենք հանդես ենք գալիս մեր անկայուն տարածաշրջանում փոխըմբռնման եւ խաղաղության օգտին»: Ելույթն ամփոփեց` նշելով, որ ռազմական գերազանցության անիրատեսական հույսերի վրա հիմնված էսկալացիայի եւ սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը Հարավային Կովկասում ապագա չունի:




Լրահոս