Ինչպես հայտնի է, օրերս ՀՔԾ-ն Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրել, որ վերջիններս ապօրինի որոշմամբ օտարել են «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`սույն քրեական գործով ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի տեղակալ Կարեն Դավթյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Ըստ Հատուկ քննչական ծառայության` 2008-ին քաղաքապետ Զախարյանի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը, որտեղ կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը. այնտեղ հիմա գործում է Redisson Blue հյուրանոցը:
ՀՔԾ-ն հայտնում է` նախկին քաղաքապետի որոշմամբ զբոսայգու տարածքի վերաճշտման արդյունքում նոր հատակագծում առանց հիմքի եւ ապօրինի կերպով դուրս է մնացել այգու տարածքից, մեկ այլ որոշմամբ էլ հողատարածքը կադաստրային արժեքով` 164 միլիոն 760 հազար դրամով վաճառվել է «Գոլդեն Փելես Հյուրանոց» ՍՊ ընկերությանը, այսինքն` այս ընկերությունը մեկ քառակուսի մետրի համար վճարել է ընդամենը 16 հազար 476 դրամ: Այս ընկերությունն էլ իր հերթին տարածքի գրավադրմամբ Հայաստանում գործող բանկերից մեկից ստացել է 2,8 միլիոն դոլար վարկ: Սա էլ ամբողջը չէ. հետագայում պայմանագրում կատարված փոփոխություններով գումարի չափն ավելացել է` հասնելով մինչեւ 12 միլիարդ դրամի, ինչը 70 անգամ ավելի է, քան ընկերությունը վճարել է այդ տարածքի համար:
10 հազար քառակուսի մետր հողատարածքում այժմ գործում է «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցը, որիտնօրենը Արտաշես Ավետիսյանն է` Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին: Նրան են պատկանում նաեւ Հյուսիսային պողոտայում եւ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցները: Ծաղկաձորում գտնվող«Գոլդեն Փելես»-ն արդեն տեւական ժամանակ է` չի գործում, այն երկու օր առաջ որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը:
«Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե մասնավորապես նախաքննական մարմինը բացի վերոնշյալ անձանցից էլ ինչ պաշտոնատար անձանց է հրավիրել հարցաքննության, եւ, առհասարակ, ինչ են ասել գործով մեղադրյալները իրավապահներին:
Մանրամասները` տեսանյութում
Քնար Մանուկյան