«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինի: Համենայնդեպս, սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Խնդիրն այն է, որ ավելի քան 15 տարի առաջ ընդունված ու մինչեւ այսօր գործող օրենքով « անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:
Այս դրույթը նախարարության մշակած նոր նախագծում չկա, ու պարզ չէ, թե ով է որոշել, որ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը մեզ անհրաժեշտ չեն: Ինչ նպատակ է հետապնդում հայերենը, հայոց պատմությունը կրթօջախներից հեռացնելու այս ձեռնարկը` դժվար է ասել, բայց կռահել, իհարկե, կարելի է: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ամերիկահայերի հետ հանդիպմանը դեռեւս սեպտեմբերի 23-ին հայտարարեց.« հարյուրավոր, հազարավոր հայեր, հայ երիտասարդներ Ամերիկայում, ամենուր, որոնք նույնիսկ հայերեն սկսել էին չխոսել, հեղափոխությունից հետո սկսել են ավելի շատ հետաքրքրվել իրենց հայրենիքով, իրենց ինքնությունով ու իրենց պատմությամբ»: Այդ ելույթին հաջորդում է հայի ինքնության պահպանման սպառնալիք դարձած օրինագծի կոնկրետ ձեւակերպումը. սաբոտա՞ժ է սա, թե՞ պլանավորված քայլ:
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ այս նախագիծը քննարկվել է նաեւ ԵՊՀ գիտական խորհրդում ու բացասական գնահատականի արժանացել Մայր բուհում: «Գործող օրենքի այդ ենթակետը պարտադիր պետք է ներառնվի նաեւ նոր օրենքում»,- պնդեց դոցենտ Գեւորգյանը` հավելով, որ այս նախագծի շուրջ մտավորականների առաջարկությունները ներկայացվել են նախարարությանը, սակայն դեռ արձագանք չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց նաեւ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախագիծը հաշված օրերի ընթացքում կհրապարակվի: «Եթե բուհը ցանկացավ, կներառի այդ առարկաները, պարզապես նախորդ տարբերակում դա օրենքով պարտադրված էր, ինչը հակասում է կրթական ծրագրերի կառուցման, հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքին»,- տեղեկացրեց նախարարի խորհրդականը: Ստացվում է՝ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը «ժամանակակից» առարկաներ չեն, դրա համար այլեւս անպիտան են: Այսպես մինչեւ ո՞ւր կգնանք, նախարարությունում կա՞ այս մասին գոնե մի մտածող»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։