Ոստիկանության ՔՀ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները, ձեռնարկելով ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Վանաձորի բնակիչ, 39-ամյա մի տղամարդու։
Վերջինս ներկայացվեց քննչական մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք, որ հոկտեմբերի 4-ին ինքն է Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում ինքնաձիգով կրակել։ Բերման ենթարկվածը որպես կասկածյալ ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել։ Հոկտեմբերի 13-ին տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տան նկուղային հարկում հայտնաբերվել էին 30-ամյա երկու տղամարդու դի՝ դարձյալ հրազենային վնասվածքներով։ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես ծանր հացագործության փաստով քրեական գործ էր հարուցվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին տարբեր տրամաչափի պարկուճներ, արնանման հետքեր, դանակներ, ներարկիչներ, «Մակարով» ատրճանակ, իսկ տան այգում՝ «Կալաշնիկով» ինքնաձիգ։
Այս ընթացքում Տարոնի բաժնի քրեական հետախույզներն արդեն բաժին բերման էին ենթարկել Վանաձորի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու, որը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին զինված միջադեպի հանգամանքների վերաբերյալ, որոնց հիման վրա ձերբակալված տղամարդուն մեղադրանք առաջադրվեց։ Հոկտեմբերի 7-ին դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ։
Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ծավալուն օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։