Ես փիարի կարիք չունեմ, պարզապես ուզում եմ օգնել մեր հայրենակիցներին. Ռաֆայել Երանոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, շոումեն Ռաֆայել Երանոսյանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել սիրիահայ ընտանիքի, եթե որոշում կայացվի նրանց տեղափոխել Հայաստան: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե պետությունը մեր հայրենակիցներին Սիրիայից տեղափոխի Հայաստան, ես պատրաստ եմ տրամադրել ապաստարան մի մեծ ընտանիքի (մինչեւ 10 հոգի), նաեւ կապահովեմ աշխատանքով մեր գյուղում»: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է դերասանի հետ:

-Ռաֆայե՛լ, մշակութային գործիչների, շոուբիզնեսցիների արձագանքն այս պահին որքանո՞վ եք կարեւորում:

-Կարեւոր չէ՝ այս պահին ով է արձագանքողը, պետք է միահամուռ ուժերով այն մարդիկ, որոնք մի քիչ սրտացավ են, ինչ-որ բանով օգտակար լինեն մեր հայրենակիցներին: Ես զանգահարել եմ «Հալեպ հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպություն» եւ առաջարկել եմ իմ օգնությունը: Նույնիսկ ինձ գյուղից զանգահարեցին ընկերներս, ասացին, որ եթե պետք լինի, գյուղում մինչեւ 50 հոգու կարող են ապաստան տալ: Ես ուրախ եմ, որ իմ հարազատ Լենուղին կողքիս է, մեր հայրենակիցների կողքին, պատրաստ է տրամադրել տանիք, հագուստ ու սնունդ: Մենք պետք է աջակցենք նրանց, ոչ ոքի օգնությանը չպետք է սպասենք:

-Երբ նման դեպքերում օգնելու պատրաստակամություն են հայտնում արտերկրի մեծահարուստ աստղերը, հասկանալի է, որ մեծահոգի լինելուց զատ նրանք նաեւ ունեն կարողություն եւ կարող են մեծ օգնություն ցուցաբերել կարիքավորներին: Հայաստանում շոու-բիզնեսցին, փաստորեն, եւս կարող է իրեն նման բան թույլ տալ…

-Ես բավականաչափ ապահովված եմ, փառք Աստծո, եւ կարող եմ ապաստան տալ տասը հոգու: Ես մենակ չեմ…Ես կարող եմ այդ մարդկանց ապահովել նաեւ աշխատանքով, ավելի կոնկրետ՝ մեր մարզի հացի փռերում, գործարաններում: Ես կարող եմ այդ մարդկանց ապաստան տալ մի քանի տարի, մինչեւ որ կադապտացվեն այստեղի կյանքին:

-Նման դեպքերում ոմանք համարում են, որ աստղերը սեփական անձի փիարով են զբաղված: Ձեր անձի շուրջ եւս նման խոսակցություններ եղան: Ի՞նչ կասեք:

-Ես ուշադրություն չեմ դարձնում նման մարդկանց: Ես ունեմ հանդիսատես, լեփ-լեցուն երկրպագուներ, փիարի կարիք չունեմ, պարզապես ուզում եմ օգնել, դա հաստատ…Այդպիսի մարդիկի կան բոլոր ժամանակներում եւ բոլոր տեղերում:

-Իսկ կոլեգաների կողմից արձագանքներ եղե՞լ են, գուցե Ձեր օրինակից ոգեշնչված՝ նրանք էլ որոշեն աջակցություն ցուցաբերել:

-Դեռ չգիտեմ՝ իմ օրինակին հետեւողներ եղել են, թե ոչ, բայց տեսա, որ իմ հայտարարությամբ կիսվողներ եղել են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունով ռազմարշավ է սկսում։ Հայտարարությունից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտեցին բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները հայտարարել են, որ կասեցնում են Թուրքիային զենքի մատակարարումը։Ավելի ուշ Թուրքիային համատեղ հակահարված տալու համար քրդական խմբավորումները համաձայնության են եկել սիրիական կառավարության հետ թուրք-սիրիական սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է՝ մշակվում են բոլոր հնարավոր քայլերը, որ մեր բոլոր հայրենակիցներին, որոնք ցանկություն են հայտնել տեղափոխվել Սիրիայի հյուսիսային շրջաններից, աջակցություն ցուցաբերվի այս գործում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս