Շուտով հրաժեշտ կտանք 2019 թվականին: Հիմա այնպիսի մի ժամանակահատված է, երբ ամփոփվում են տարվա ձեռքբերումները, խրախուսվում է ամբողջ տարվա աշխատանքը, տրվում են մրցանակներ, պարգեւներ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հետաքրքրվեց՝ 2019 թվականին (նկատի ենք ունեցել հարցումն ուղարկելու պահից մինչեւ տարեվերջ) «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ վաստակավոր արտիստի», «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի», «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի», «ՀՀ վաստակավոր կոլեկտիվի» կոչումներ արդյոք շնորհվելու են, ովքեր են կոչումների հավակնորդները, ինչ սկզբունքով են շնորհվելու կոչումները, ովքեր են լինելու ընտրող հանձնաժողովի կազմում:
Մենք նաեւ հարցրեցինք՝ ովքեր կարող են հանդիսանալ հայտատուներ, եւ ովքեր են արդեն ներկայացրել հայտեր (եթե այդպիսիք կան):
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը պատասխանեց, որ ՀՀ պետական պարգեւները եւ պատվավոր կոչումներ շնորհելու իրավունքը դուրս է նախարարության իրավասություններից, քանի որ այն կարգավորվում է «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով եւ վերապահված է ՀՀ նախագահին, եւ բոլոր տարիների, այդ թվում` 2019 թ. արդյունքները հրապարակված են ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում:
Փոխնախարարը միաժամանակ տեղեկացրեց, որ տվյալ գործընթացում նախարարությունը կարող է հանդես գալ միջնորդությամբ, եթե վերը նշված օրենքով սահմանված կարգով ստանում է որեւէ գործչի առաջադրման վերաբերյալ հայտ:
Սակայն ուշագրավն այն է, որ երբ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցերով դիմեց արդեն հանրապետության նախագահի աշխատակազմին, մեզ պատասխանեցին, որհամաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5-րդ եւ 5.3-րդ հոդվածների 1-ին մասերի`հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրում եւ պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա, որով դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
«Ելնելով վերոնշյալից՝ տեղեկացնում ենք, որ Ձեր հարցումը վերահասցեագրվել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ այն ուսումնասիրելու եւ Ձեզ պատասխանելու նպատակով»,-ասված է պատասխանում:
ԿԳՄՍ նախարարությունից մեզ ուղարկեցին հետեւյալ գրությունը. «Ի պատասխան ՀՀ նախագահին ուղղված եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը վերահասցեագրված Ձեր գրության՝ հայտնում ենք, որ Ձեր հարցադրումներին նախարարության կողմից արդեն պատասխանվել է»:
Այսինքն՝ ԿԳՄՍ նախարարությունը պնդում է, որ պատվավոր կոչումներ շնորհելու իրավունքը դուրս է նախարարության իրավասություններից եւ վերապահված է ՀՀ նախագահին, իսկ նախագահի աշխատակազմից էլ իրենց հերթին շեշտում են, որ ՀՀ նախագահը պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա, եւ մեր հարցումը վերահասցեագրում է ԿԳՄՍ նախարարությանը: Ստացվում է, որ գերատեսչությունները մեկը մյուսի վրա են գցում մեր հարցերին պատասխանելու լիազորությունը, եւ այդպես էլ պարզ չէ՝ որ գերատեսչությունը պետք է պատասխանի մեր հարցերին:
Մեզ հետաքրքրում է, թե ինչպես, ինչ սկզբունքներով է ձեւավորվում հանձնաժողովը, որի անդամները որոշում են՝ ում շնորհել կոչումներ եւ ում՝ ոչ: Այս մեխանիզմը մինչ օրս թափանցիկ չէ եւ սուբյեկտիվիզմի հիման վրա որոշումների կայացման առումով մեծ ռիսկեր է պարունակում:
Իսկ, առհասարակ, հետաքրքիր է նաեւ պետության քաղաքականությունը կոչումներ շնորհելու հարցում: Թավշյա հեղափոխությունից հետո մեր պետությունն արդոք կարեւորություն տալի՞ս է կոչումների ինստիտուտին, թե՞ հաշվի առնելով հենց ներկայիս իշխանության մաս կազմող մի շարք պաշտոնյաների այն տեսակետը, որ կոչումների ինստիտուտն արժեզրկվել է` մտադիր է հրաժարվել դրանից:
ԿԳՄՍ նախարարությունից, համենայնդեպս, ստացանք հետեւյալ պատասխանը. «Նախարարությունը կարեւորում է մշակույթի եւ արվեստի գործիչներին խրախուսման, նրանց վաստակի գնահատման քաղաքականությունը, որի ձեւաչափը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ»:
Աննա Բաբաջանյան