Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին մասնակցող Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ընդգծելով վերջին շրջանի արդյունավետ հանդիպումներն ու քննարկումները՝ զրուցակիցներն անդրադարձել են ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին։ Նրանք գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-սերբական հարաբերությունները քայլ առ քայլ առաջընթաց են գրանցում: Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սերբիա պաշտոնական այցի ընթացքում:
Սերբիայի վարչապետը տեղեկացրել է, որ փետրվարի վերջին կբացվի Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանությունը: Նշվել է, որ դրանք կարևոր քայլեր են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։
Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել ևս մեկ պայմանավորվածություն՝ սերբական Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարտափ» փառատոն անցկացնելու վերաբերյալ:
Հայաստանի նախագահը և Սերբիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ համագործակցության համար հեռանկարային ուղղություններին: Նշելով, որ թե Հայաստանի, և թե Սերբիայի համար շատ կարևոր են բնապահպանական խնդիրներն ու կանաչ տեխնոլոգիաները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ոլորտում ևս երկու երկրները կարող են փոխշահավետ համագործակցել: Կողմերն ընդգծել են նաև փոխշահավետ գործակցության մեծ ներուժը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում: Այս համատեքստում նրանք խոսել են ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների մասին: