Իսաբեկյանի կտավներին վտանգ է սպառնում. Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ խնդիրը չի լուծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016 թվականին է ահազանգել այն մասին, որ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում (Երեւանի Մաշտոցի պողոտայի 7ա հասցե), որտեղ կազմակերպված է նկարչի աշխատանքների մշտական ցուցադրություն, ներկայացվող աշխատանքները գտնվում են ոչ ապահով վիճակում. եղանակային տարբեր պայմանների հետեւանքով՝ անձրեւից, ձյունից, ձնհալից, ցուցասրահի պատերը թրջվում են, եւ հավանականությունը մեծ է, որ նկարները կարող են փչանալ (որքանով տեղյակ ենք, մի քանի նկար նույնիսկ հանվել են ցուցադրությունից): Անցել է 4 տարի, սակայն խնդիրը մինչ օրս լուծված չէ:

Ավելին՝ Է. Իսաբեկյանի որդին` նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը, մեզ հետ զրույցում շեշտեց, որ 2013 թվականին ցուցասրահը բացվել է, եւ արդեն 2015 թվականից այս խնդիրն առկա է:

«Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահը» գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո: Համաձայն 05.11.2012թ. կնքված «Նվիրաբերության պայմանագրի»՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 28 գեղանկարչական աշխատանքներ անհատույց կերպով, սեփականության իրավունքով նվիրաբերվել են Երեւան համայնքին՝ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի առաջին հարթակում մշտական գործող Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարների ցուցադրությունում ցուցադրելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այլ ցուցասրահներում ժամանակավոր ցուցադրելու համար։

Արամ Իսաբեկյանը երկու անգամ արդեն զբաղվել է ներկայացված կտավների ռեստավրացիայով. «Ես ուզում էի, որ սա դառնար քաղաքի մշակութային ամենալավ օջախներից մեկը, որ Իսաբեկյանի թանգարան լիներ: Ցուցասրահի միջոցով ուզում էի մեր քաղաքին լավություն անել, բայց, բացի նյարդայնանալուց, ոչինչ չստացա»,- ասաց նա:

Նկարչի որդին բազմաթիվ անգամներ դիմել է Երեւանի քաղաքապետարան, որտեղից իրեն պատասխանել են, որ խնդրին կծանոթանան, կտեսնեն՝ ինչ անեն:

«Ժողովուրդ» օրաթերթին էլ 2016-ին Երեւանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ ցուցասրահի համար ապահով պայմաններ ստեղծելու նպատակով քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղում ուսումնասիրել եւ քննարկել են բարձրացված հարցը՝ պլանավորելով դրանք ներառել ծրագրերում:

Արամ Իսաբեկյանի խոսքով՝ իրեն քաղաքապետարանից ասել են, որ շենքը, որտեղ գտնվում է ցուցասրահը, 2020-2021 թթ. պետք է վերանորոգվի. «Ես էլ պատասխանել եմ, որ ի տարբերություն տասնյակ թվով այլ շենքերի՝ այս շենքում մշակութային արժեքներ են պահվում, որոնք չի կարելի անմխիթար վիճակում թողնել:

Կնքած պայմանագիր ունենք, ախր, որի համաձայն՝ իրենք պարտավոր են կազմակերպել նկարների ապահով ցուցադրությունը…Ինձ համար անհասկանալի է նման վերաբերմունքը»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Երեւան քաղաքի ենթակայության ներքո բազմաթիվ մշակութային օջախներ կան, որոնք անմխիթար վիճակում են. «Իսաբեկյանի ցուցասրահը առանձնակի կարեւորություն ունի քաղաքի համար, եւ քաղաքապետարանը քայլ առ քայլ զբաղվում է իր ենթակայության տակ գործող մշակութային օջախների վերականգնման, վերանորոգման հետ կապված ծրագրերի մշակմամբ»,-հայտնեց մամուլի խոսնակը:

Հավելենք, որ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում ցուցադրվում է 39 ստեղծագործություն, որից 28-ը հանդիսանում է Երեւանի քաղաքապետարանի սեփականությունը՝ համաձայն վերը նշված «Նվիրաբերության պայմանագրի», 7-ը բերված են ընտանիքի, 4-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուներից։ Վերջինները մուտք են գործել «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ մշտական ցուցադրության համալրման նպատակով։

Աննա Բաբաջանյան




Լրահոս