Անասնաբույծներն ու մսավաճառները այսօր հանդիպել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի եւ պատգամավորների հետ։ Մինչ հանդիպումը նրանք բողոքի ակցիա իրականացրեցին: Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ ընդդեմ Կառավարության՝ սպանդանոցների մասին որոշման։ Նրանք նշում են, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։
Հաստատ փոխզիջումներ լինելու են, վաղը երևի Ազգային ժողովում կառավարության ղեկավարի մակարդակով հարցին պատասխան կտրվի: Այս մասին հանդիպման ժամանակ հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա նշեց, որ իրավասու չէ ասել, թե ինչպես է հարցը լուծվելու:
«Քաղաքացիների բողոքը գրի է առնվել, ինձ հավաստիացնում են՝ շատ լավ լուծումներ կան: Ինձ կառավարությունից էլ հավաստիացրել են, վաղը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ մեր խմբակցության կողմից հարցը բարձրացվելու է: Կառավարությունից ամենայն հավանականությամբ վարչապետը կպատասխանի այս հարցին, թե ինչ լուծում են տեսնում, ինչ լուծում է տրվելու ձեր բարձրացրած հարցերին»,- ասաց նա: