ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ նախկինում` բոլոր ընտրությունների ժամանակ, մեծ դերակատարում են ունեցել թաղային հեղինակությունները, որոնց բուծել են օրվա իշխանությունները: Ըստ ընդդիմադիր պատգամավորի` նրանց դեմ պետք է պայքարել, որի վառ օրինակը «Քրեական ենթամշակույթի մասին» օրենքի նախագիծն է:
-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր խմբակցությունը քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ, այսպես ասած, գողականների, «օրենքով գողերի» մասին նախագծի հետ կապված:
-Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ, մենք կարծում ենք, որ Սովետական միությունից մնացած այդ ժառանգությունը, այդ ենթամշակույթ ձեւակերպումը, կրիմինալ կրողները անընդունելի են այս հասարակության համար: Պետք է կարողանալ հասարակության մեջ կրթական ծրագրերի միջոցով երեխաներին հետ պահես, նրանց ներգրավես ավելի շատ մշակութային, սպորտային միջոցառումների մեջ, որովհետեւ այդ ենթամշակույթը կրող մարդիկ իրենք ինչ-որ ձեւով հասարակության հաշվին ապրող, անաշխատ եկամուտներ հետապնդող մեծ ցանկություն է:
-Բայց քաղաքական ուժերի մի հատվածը թերահավատորեն են վերաբերվում այս նախագծին, քանի որ, ըստ նրանց, անհնար կլինի անգամ օրենքով պայքար մղել նման մշակույթի դեմ: Դուք համակարծիք չե՞ք:
-Պետք է ինչ-որ մի բանից սկսել, հիմա որեւիցե ձեւով մի բանը չսկսելն էլ մի բան չի, պետք է չէ՞ ինչ-որ մի բան անել: Հիմա գտնում են, որ պետք է այս ձեւով սկսել, ուրեմն պետք է անել դա, գուցե «Լուսավոր Հայաստանը» լիներ իշխանության ու մեկ այլ մոդել առաջարկեր: Բայց այն, որ գաղափարը սա է, որ այդ ամենը պետք է արմատախիլ անել, դա ընդունելի է:
-Կարծում եք՝ իրավապահ համակարգին դա կհաջողվի՞ իրականացնել: Վստա՞հ եք, որ ՀՀ-ում արմատախիլ է արվելու կրիմինալ ասվածը:
-Ճիշտն ասած, դրա ռեֆորմը մեծ ռեֆորմ է, դա բոլոր կողմերին պետք է առնչվի՝ ե՛ւ իրավապահ համակարգում պետք է դա լինի, ե՛ւ հասարակությունը պետք է այդ ամենին մասնակից լինի, ե՛ւ Արդարադատության նախարարությունը պետք է մասնակից լինի, այսինքն՝ դա կոմպլեքս բան է, այդպես մի ֆակտորով չի: Վերցնենք ենթամշակույթ կրողներին, խտացնենք ուղղիչ աշխատանքային գաղութներում, դա խնդրի լուծումը չի, դա չես կարող այդ ձեւով վերացնես: Կարծում եմ՝ դեռ աշխատել է պետք, վերջնական ինչ-որ բան ասելը.. Տեսեք, օրինակ՝ Եվրոպայում կամ մեկ այլ տեղերում սպառնալիք են այն մարդիկ, ովքեր որ դուրս են եկել նախկին Սովետական միության երկրներից, նրանք գնացել են այդտեղ, բանդաներ են ձեւավորել եւ արդեն ամենավտանգավոր բանդաներն են դառել: Եւ ամենավտանգավորը նա չի, որ նրանք այդ ստրատեգիան կամ այդ վարքագիծն ունեն, նրանք նույն «պանյատի» գիտակցումն ունեն, այսինքն՝ շուտ կարողանում են իրար հասկանալ: Իսկ մենք, մեր խմբակցությունը կարծում է, որ մենք պետք է հասարակությանը կրթենք, զարգացնենք, հանրությանը զբաղեցնենք ավելի լավ բաներով:
-Ձեր շրջապատում ունե՞ք այդ մշակույթը կրող անձինք, ովքեր կրիմինալ են համարվում Հայաստանում:
-Ես նման մարդկանց չեմ ճանաչում, ես չգիտեմ նման մարդկանց: Կրիմինալ մտածելակերպով մարդկանց ես չգիտեմ, ես երբեւէ շփում չեմ ունեցել նման մարդկանց հետ: Եթե անգամ կան, գուցե ես չգիտեմ, չեմ ինդետիֆիկացրել, ես չգիտեմ՝ իրենք ովքեր են: Այսպես ձեզ ասեմ, տղամարդիկ ռիսկային կյանքով են ապրում, տարբեր վայրերում կա չէ՞ ուժեղի, թույլի, ճշտի, սխալի, լավի, վատի, այսինքն՝ այդ արինտիրները քանի չի փոխվել, հասարակությունը ինդետիֆիկացնելու է լավը, վատը, ճիշտը, սխալը: Դրանք արժեքներ են, որոնք ենթամշակույթը կրում են: Դու քանի դա դեռ չես փոխել, քանի դեռ մարդը չի համարվել այն մարդը, որը որ բարիք է ստեղծում, դա այլ կերպ չի ընդունվելու:
-Ըստ Ձեզ՝ Հայաստանում շա՞տ են այն մարդիկ, ովքեր քրեական ենթամշակույթ են կրում, այսինքն՝ ՀՀ-ում գողականներ շա՞տ կան, որոնց դեմ պայքար է սկսվել:
-Եթե նույնիսկ շատ էլ չեն, ապա այդ պայքարը պետք է լինի, սպառնալիքը պետք է լինի, որպեսզի կանխավ չսկսեն մտածել այդ ուղղությամբ: Նախկինում՝ ընտրությունների ժամանակ, մեծ ազդեցություն ունեին թաղային հեղինակությունները, որոնց որ բուծել են, որոնց արհեստականորեն բուծել էին, մարդիկ ոստիկանությունում էին հայտնվում ու 5 րոպեից դուրս էին գալիս, էդ մարդիկ խնդիր էին ունենում ու դա արագ լուծվում էր: Այսինքն՝ դրանք համարվում էին մարդիկ, ովքեր անձեռնմխելի էին, էլիտա էին դարձել, դրանք արհեստական ստեղծված բաներ էին, որոնց դեմ պետք է պայքարել, չնայած կարծում եմ, որ դրանք հիմա իրենք իրենց չեզոքացել են: Այսինքն՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման մշակույթ ՀՀ-ում չզարգանա: Ես կարծում եմ, որ դա կրթության, զարգացման միջոցով տեղի կունենա:
ՄԵԽԱԿՅԱՆԸ ԿԳՆԱ ՍՊԱՆԴԱՆՈՑ՝ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, իշխանությունները չեն շտապել սպանդանոցների կիրառության հարցում, քանի որ դեռեւս անցած տարի էր հայտարարվել, որ մսի մորթը 2020 թվականին իրականացվելու է սպանդանոցներում:
-Պարո՛ն Մեխակյան, արդյոք տեղյա՞կ եք, թե ինչ իրավիճակ է Արմավիրի մարզում, քանի որ տեղի մսավաճառները, մորթ անողները փակել էին ճանապարհը՝ պահանջելով լուծել սպանդանոցների հարցը: Ի՞նչ եք արել այդ ամենին լուծում գտնելու համար. օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անում նրանք կառավարության շենքի առջեւ:
-Իհարկե ես չէի կարող չհետաքրքրվել այդ հարցի վերաբերյալ, ես պլանավորում եմ, մոտ օրերս Արմավիրի մարզում կայցելեմ սպանդանոցներից որեւէ մեկը: Այս պահին Էջմիածնի շրջանում երեք հատ սպանդանոց է գործում, մեկ հատ՝ Արմավիր քաղաքում, եւ Երեւանում կան բավական թվով սպանդանոցներ, որոնք կարող են այդ մորթը ամբողջությամբ իրականացնել:
-Բայց գյուղացիները դրանից տուժում են ֆինանսական առումով, մարդիկ արդեն հայտարարել են, որ իրենց աշխատանքն անօգուտ է դառնում այդ դեպքում:
-Ես խոսել եմ մեկ տնտեսվարողի հետ, ով ուներ սպանդանոց, ինքը հավաստիացրեց, որ այս պահին իրենք անվճար են տեղափոխում բոլոր այն անասունները, որոնք որ պետք է մորթեն իրենց սպանդանոցում: Խոսել եմ մեկ այլ տնտեսվարողի հետ, ով որ զբաղվում է անասունների առուվաճառքով, ով տեւական ժամանակ է՝ աշխատում է սպանդանոցների հետ, ու ինքն էլ հրավիրում էր, որ մարդիկ գնան ու ծանոթանան սպանդանոցի պայմաններին:
-Համակարծիք չե՞ք, որ իշխանությունները պետք է նախ պայմաններ ստեղծեին, հետո օրենքը կիրառության մեջ դրվեր, որպեսզի նման տհաճ իրավիճակ չստեղծվեր: Իշխանություններն այս հարցում շտապել են, ինչո՞ւ:
-Ես այդպես չեմ կարծում, որովհետեւ նախորդ տարի բազմիցս է խոսվել դրա մասին, որ, այո, 2020 թվականից վերահսկողությունը ավելի ուժեղ է լինելու, որովհետեւ մենք առաջին հերթին գործ ունենք մեր բնակչության առողջապահության հետ ու մենք այսպիսով կանխում ենք, որպեսզի մեր շուկայում չհայտնվեն հիվանդ անասունների մսեր, որոնք կարող են առաջացնել համաճարակներ: Ես կարծում եմ, որ կա կոմունիկացիայի որոշակի խզում, որը պետք է ակտիվացնի ե՛ւ օրենսդիր մարմինը, ե՛ւ գործադիր մարմինը տնտեսվարողների եւ գյուղացիների հետ, որպեսզի նրանք լիարժեք պատկերացում ունենան, սպանդանոցների հետ կապված իրենց մտահոգությունները փարատեն:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԴԻՄՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը: Եվ ՍԴ դատավորներն այս օրենքի ընդունումից հետո երկու ամիս ժամանակ ունեն դիմում գրելու եւ գնալու վաղ կենսաթոշակի: Սակայն հունվարի 20-ի դրությամբ ոչ մի դատավոր այդպիսի դիմում չի ներկայացրել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորներից ոչ ոք այդպիսի մտադրություն չի ունեցել եւ այժմ էլ չունի: Այսինքն՝ մինչեւ այս ամսվա վերջը ոչ մի դիմում չի լինելու:
Ինչպես հայտնի է, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչ կլինի, եթե մինչեւ այդ ժամկետը ոչ մի դիմում չլինի: «Այն կհամարվի իրացված դրույթ եւ այլեւս չի կիրառվի: Օրենքը կդադարի գործել», – նշեց նա: Այսինքն՝ հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավորներին, եւ հատկապես՝ Հրայր Թովմասյանին տուն ուղարկելու ցանկությունն ու ծրագիրը չիրագործվեց:
ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇՈՒԿԱՆ
Երեւանում բնակարանների գներն օր օրի բարձրանում են: Եւ այն, որ դրանք արհեստական են բարձրացնում, դրանում կասկած չկա: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարվա նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 644 հազար 100 դրամ, մինչդեռ նույն տարվա հոկտեմբերին այն արժեցել է 630 հազար դրամ: Համաձայնեք, որ 14 հազար դրամ թանկացումը մեկ ամսվա ընթացքում մտահոգիչ է: Եւ ամենակարեւորը՝ Հայաստանում բնակարանների գները որեւէ պետական կառույցի կողմից չեն վերահսկվում: Օրինակ, Արաբկիր վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում բնակարանի գինը բարձրացել է 10 հազար 500 դրամով՝ այս դեպքում 430 հազար դրամից դառնալով 440 հազար 500 դրամ: Իսկ, ահա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ն 317 հազար 500 դրամից դաձել է 325 հազար:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանի գինը բարձրացել է 5900 դրամով, Աջափնյակում՝ 8200 դրամով: Ըստ մասնագետների՝ բնակարանային շուկայում հիմնական գին թելադրողը ոչ թե տան, բնակարանի կամ հողակտորի սեփականատեր-վաճառողն է, այլ միջնորդները՝ բրոքերները: Այլ կերպ ասած` բրոքերներն են տնօրինում մարդկանց գույքը եւ որոշում` որի համար ինչ գին առաջարկեն կամ ում համար որքան էժանացնեն: