Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում է Տավուշի մարզում տեղակայված, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային 3 զինծառայողների դատավարությունը:
Միքայել Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի ժամկետային զինծառայող, 2019թ. հունիսի 30-ին՝ժամը 13․30-ի սահմաններում, իր հասցեին հնչած դիտողության կապակցությամբ վիրավորանք է հասցրել շարքային Ռոլանդ Ավետիսյանին, ինչպես նաեւ վաշտի մնացած զինծառայողների հասցեին՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը: Ժամկետային զինծառողներ Ռոլանդ Ավետիսյանին եւ Սերգեյ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նշված ժամանակահատվածում իրենց հասցեին սեռական հայհոյանքներ հնչեցնելու համար ծեծի են ենթարկել շարքային Միքայել Պետրոսյանին:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով, իսկ Ռոլանդ Ավետիսյանին եւ Սերգեյ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ամբաստանյալ 3 զինծառայողների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ