Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի և Կարեն Թարխանյանի վերաբերյալ 2008 թվականին կայացված մեղադրական դատավճիռների դեմ:
2008-ի հունիսի 16-ի դատավճռով Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։ «Դատարանը հաստատված է համարել, որ վերջինս իր վարած ավտոմեքենայի բեռնախցիկում ապօրինի կերպով կրել է սառը զենք հանդիսացող մետաղյա մահակ, իսկ 2008թ. մարտի 1-ին` ժամը 2030-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով գտնվելով Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի մոտակայքում՝ չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների` ավտոմեքենան ստուգելու օրինական պահանջին, հրաժարվել է հնարավորություն ընձեռել զննելու ավտոմեքենայի բեռնախցիկը, ստեղծել է քաշքշուկ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ», – ասված է Դատախազության հաղորդագրությունում։
Դատավճիռը Մալխասյանը և նրա պաշտպանը բողոքարկել են Վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինի որոշմամբ բողոքարկողների դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ վարույթը կարճվել է՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով:
Իսկ Թարխանյանը Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դատավճռով մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ «այն բանի համար, որ 2008թ. մարտի 1-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտակա անավարտ շինությունների ժամանակավոր ցանկապատերից պոկել և զանգվածային անկարգությունների մասնակիցներին է բաժանել մետաղյա ձողեր, նման եղանակով և կոչերով ուղղորդել է շարունակել զանգվածային անկարգություններն ու բռնություն կիրառել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչի արդյունքում ձողերով հարձակվել են վերջիններիս վրա ու հարվածել նրանց»: Նա դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը Թարխանյանի պաշտպանի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, սակայն բողոքը մերժվել է, և դատավճիռը թողնվել է անփոփոխ։ 2009-ի հունվարին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը վերադարձվել է վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։
Գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված երկու գործով մեղադրական դատական ակտ կայացնելիս դատարանները թույլ են տվել արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտումներ, ասված է հաղորդագրությունում։
«Մասնավորապես՝ Իսահակ Մալխասյանին առաջադրված մեղադրանքը զուրկ է եղել կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, տուժող ճանաչված անձ չկա, նշված իրադարձությանը ներգրավված անձինք ցուցմունքով հայտնել են, որ ամբաստանյալն իրենց չի հարվածել և չի սպառնացել: Բացի այդ՝ մերժելով կոնկրետ անձի դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը՝ դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները», – նշված է հաղորդագրությունում։
«Իսկ Կարեն Թարխանյանին վերաբերող գործով մեղադրանքը հիմնավորելիս դատարանը ծանրակշիռ դեր է հատկացրել դեպքից տևական ժամանակ անց ոստիկանության՝ վիճարկվող իրադարձություններում ակտիվորեն ներգրավված աշխատակիցների իրարամերժ ցուցմունքներին: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ որպես ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրող, անձը բերման է ենթարկվել այդ իրադարձություններից տևական ժամանակ անց: Այսինքն՝ պատշաճ չեն ստուգվել ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, մերժվել է իրադարձություններին ականատես մի քանի անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունը», – պնդում է Դատախազությունը։
Նշված հանգամանքները գնահատելով «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացված բողոքներով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններին միջնորդել է բեկանել և փոփոխել համապատասխանաբար Մալխասյանի և Թարխանյանի վերաբերյալ դատական ակտերը:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվել են Երևանի Ազատության հրապարակում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքող ցուցարարների վրա: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով զոհվել է տասը մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել: