ՍՈՒԼՇԵՐԸ` ՖԵՐԳՅՈՒՍՈՆԱԿԱՆ «ՅՈՒՆԱՅԹԵԴ» ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը՝ մանչեստերյան դերբին: «Մանչեստեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեստեր Սիթիին» եւ կարողացավ հաղթել 2:0 հաշվով: Ուլե Գունար Սուլշերի թիմից մեկական անգամ աչքի ընկան Անտոնի Մարսիալն ու Սկոտ Մակտոմինայը: Այս հաղթանակի շնորհիվ մանկունյանցիները վաստակեցին 45 միավոր եւ ամրապնդվեցին 5-րդ տեղում: Լավագույն քառյակը եզրափակող «Չելսիից» «Յունայթեդը» հետ է մնում ընդամենը 3 միավորով: Վերջին խաղերում մանկունյանցիները վստահ տեսք ունեն եւ չեն ճաշակել պարտության դառնությունը արդեն 10 խաղ անընդմեջ:

Ժամանակ առաջ շատերը պահանջում էին թիմի գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերի պաշտոնանկությունը՝ համարելով, որ նա ոչնչով չի համապատասխանում անգլիական գրանդին: Բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը, նորվեգացին այն մարզիչն է, ով կարող է «Յունայթեդին» վերադարձնել երբեմնի փառքն ու հեղինակությունը: Մանչեստերյան ակումբը այս մրցաշրջանը մեկնարկեց «Չելսիի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակով, սակայն այդ ֆանտաստիկ հաղթանակից հետո Սուլշերի թիմը սկսեց աչքի ընկնել վատ խաղով, որն էլ հանգեցրեց վատ ցուցանիշների: Մրցաշրջանի միջնամասում «Մանչեստեր Յունայթեդին» այցի եկան վնասվածքները՝ Պոլ Պոգբա, Սկոտ Մակտոմինայ եւ Մարկուս Ռեշֆորդ: Սկոտ Մակտոմինայը վերադարձավ եւ իր վերադարձը նշեց գոլով, իսկ Պոգբայի եւ Ռեշֆորդի մասին լավ նորություններ դեռեւս չկան: Այս ընթացքում Պոգբայի բացակայության պայմաններում աճեց եւ իր տեղը մեկնարկային կազմում ամրագրեց Ֆրեդը:
Թիմի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերած պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը դարձել է թիմի առաջատարը եւ մեկը մյուսի հետեւից հրաշալի գնդակներ է մատակարարում Անտոնի Մարսիալին: Կարելի է ասել, որ մանչեստերյան ակումբը արթնացավ այն ժամանակ, երբ հարկավոր էր: Միանշանակ սխալ կլինի ասել, որ Սուլշերի թիմը այս մրցաշրջանում կարող էր պայքարել չեմպիոնության համար: Թիմը նոր կառուցման փուլում է եւ պարզից էլ պարզ է, որ այդ ընթացքում կլինեն ե՛ւ վերելքներ, ե՛ւ վայրէջքներ: Մանկունյանցիները արդեն անպարտելի են 10 խաղ անընդմեջ եւ այդ 10 խաղերից միայն երկուսում է, որ սեփական դարպասը անառիկ չեն պահել: Այս ամենը փաստն է նրա, որ Սուլշերը մեծ աշխատանք է կատարում թիմում: Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում «Յունայթեդի» գլխավոր նպատակը լավագույն քառյակում տեղ զբաղեցնելն է եւ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելը: Այսպիսով, կարելի է ասել, որ Սուլշերի թիմը պայքարում է երեք ճակատով` Անգլիայի Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթում եւ Եվրոպա լիգայում: «Կարմիր սատանաների» հաջորդ մրցակիցը լինելու է «Տոտենհեմը»: Լոնդոնում կայանալիք խաղի ֆավորիտը հենց մանչեստերյան ակումբն է: Իհարկե, կարելի է համաձայնել դրա հետ, քանի որ «Մանչեստեր Յունայթեդը» խաղ առ խաղ աճում է, իսկ «Տոտենհեմում» ճգնաժամը գնալով ավելի է խորանում:
Անգլիական ամենահեղինակավոր ակումբներից մեկը վերջին տարիներին այդքան էլ հաջող հանդես չի գալիս, բայց ինչպես երեւում է, թիմը աճում է եւ խաղ առ խաղ պատրաստվում արդեն հաջորդ մրցաշրջանին: Կարծում ենք` կասկածից էլ վեր է, որ Սուլշերը կմնա Մանչեստերում. նա այն մարզիչն է, ով կարող է հետ բերել թիմի հին ու բարի ժամանակները եւ դառնալ «Յունայթեդի» նոր «սըրը»:
Առջեւում Պրեմիեր լիգայի, գավաթի եւ Եվրոպա լիգայի հանդիպումներն են, որտեղ Սուլշերի փայլատակումները կարող են մանչեստրյան ակումբին հասցնել այս մրցաշրջանի համար ամենաբարձր դիրքերի: Շուտով վնասվածքներից կվերադառնան նաեւ Մարկուս Ռեշֆերդն ու Պոլ Պոգբան: Բրունո Ֆերնանդեշի, Անտոնի Մարսիալի եւ Դենիել Ջեյմսի հետ միանալով՝ նրանք կարող են «քրքրել» մյուս ակումբներին:
Այսպիսով, Ուլե Գունար Սուլշերը գտել է ճիշտ ճանապարհը եւ գնում է փառքի, հաջողության ու նոր հաղթանակների հետեւից:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԼԱՎ ՎԱՐՔԱԳԾՈՎ
Նախօրեին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, որից հետո ազդրի շրջանում զգացել է ցավ: ArmLur.am-ին դեպքից որոշ տեղեկություններ են ստացվել. ըստ մեզ հասած լուրերի՝ Ալավերդի քաղաքում մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանություն է եղել, որի հետեւանքով Օձուն համայնքի բնակիչ 30-ամյա Արթուր Գեւորգյանը ստացել է ոտքի շրջանում հրազենային վնասվածք: Ա. Գեւորգյանն իր շրջապատում երբեւէ աչքի չի ընկել վատ վարքագծով: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Դեպքի վայրի հարեւանությամբ գտնվող կիսաքանդ շինության մեջ կատարված զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի հրազեն:

 

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Մարտի 12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: «Հայպետհիդրոմետ»-ի փոխանցմամբ՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22:




Լրահոս