Կորոնավիրուսից ապաքինվածների թիվն աճել է. նոր տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 276 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 11 հազարը: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում՝ անցնելով 91 հազարը. մարտի 20-ի երեկոյան այդ թիվը 88 հազար էր:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 8 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 47 հազար 21 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 4 հազար 32:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 21 հազար 571 դեպք կա, մահացածները 1093-ն են: Մարտի 21-ի տվյալներով՝ վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը: Գերմանիայում կորոնավիրուսով վարավածների թիվը 19 հազար 848 է, ԱՄՆ-ում՝ 19 հազար 774: Վարակվածների թվով տևական ժամանակ երրորդ տեղում գտնված Իրանն 6-րդ տեղում է, այստեղ վարակվածների թիվը 19 հազար 644 է: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 12 հազար 612-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 799-ի, Շվեյցարիայում 5 հազար 615-ի, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 983-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 180-ից ավելի է: Կորոնավիրուսով վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում, Զիմբաբվեում և այլն:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 24 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Հայաստանում մարտի 21-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 160 է. մեկ անձ ապաքինվել է:




Լրահոս