Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է կառավարության՝ 2019 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը։ Այն հանձնաժողովում ներկայացնելու է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Ծրագրի կատարման ընթացքը փետրվարի 8-ին հաստատվել էր գործադիրի կողմից եւ այժմ ներկայացվում է օրենսդիրի դատին։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նախագիծը եւ նկատել է, որ կատարողականում հստակ ընդգծված է այն հանգամանքը, որ սա միակ տարին է եղել, երբ հետհեղափոխական կառավարությունն աշխատել է ամբողջապես։ Ըստ էության, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կես տարի էր աշխատել եւ պատասխանատու էր հենց այդ ընթացքի արդյունքների համար, իսկ, ահա, 2019-ի համար նրանք ամբողջապես պատասխանատվություն են կրում։ Եվ թերեւս հենց դա է պատճառը, որ կատարողականի հենց սկզբում ամրագրված է այն հանգամանքը, որ սա հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին տարին էր։ Եվ ամրագրված է, որ կառավարությունը գրանցել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարեւան բոլոր երկրների եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:
Հաշվետվության մեջ մեծ տեղ է հատկացված հենց տնտեսական ձեռքբերումներին, սակայն մեծ են ձեռքբերումները նաեւ պաշտպանության ոլորտում։ Օրինակ՝ Զինված ուժերի սպառազինությունը հմալրվել է որակապես բարձր եւ ժամանակակից զինտեխնիկայով: Ձեռք է բերվել, տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐՄ2ԿՄ» եւ «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:
Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյուրավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26%-ով։ Ոստիկանության ոլորտի ձեռքբերումներից ամրագրված են նոր ռազմավարությունը եւ այն փոփոխությունները, որ սպասվում են առաջիկայում։ Մշակվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Մշակվել է եւ 2020 թ.-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակը երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելն է՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին տուգանելու պետական շահագրգռության բաղադրատարրը:
Վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաներից 24-ը նվազեցվել են մոտավորապես 50 տոկոսով, եւ այժմ երթեւեկության կանոնների խախտման համար առավելագույն տուգանքի չափը 29,000 դրամ է՝ նախկին 500,000 դրամի փոխարեն։ Որպես ձեռքբերում՝ կառավարությունն առանձնացրել է նաեւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենսդրական կարգավորումները, որոնց համաձայն՝ քրեական աստիճանակարգությանը պատկանելը, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից լինելը ինքնին կհամարվի հանցագործություն: Կատարողականում կառավարությունն ընդգծել է, որ այժմ Հայաստանում օրենքի առջեւ հավասար են բոլորը։
Նախ նշվում է, որ կոռուպցիոն եւ այլ բնույթի քրեական գործերով անցնում են նախկին նախագահներ, նախարարներ, փոխնախարարներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Եվ ապա նշվում արդարադատության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը չի շրջանցել նաեւ ներկայիս կառավարության գործող կամ արդեն նախկին պաշտոնյաներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին, ՊՎԾ պետին, առողջապահության եւ ԿԳՄՍ փոխնախարարներին, որոնք մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում են հայտնվել իրենց լիազորությունների իրականացման ընթացքում։ Նաեւ առանձնացրել են այն փաստը, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի եւ Հատուկ քննչական ծառայության հրավերներով ներկայացել է նախաքննության մարմինների գրասենյակներ եւ քննիչների աշխատասենյակում հարցաքննվել: Օրինակ 2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով:
Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ, 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին եւ անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ: 2019 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1,280 դեպք: Կոռուպցիոն հանցագործություններից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 135-ը՝ պաշտոնական կեղծիքի, 299-ը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 60-ը՝ պաշտոնական լիազորություններն անցնելու եւ այլն: Հավելենք, որ կառավարության՝ 2019 թվականի գործունեության կատարողականը բաղկացած է 49 էջից, եւ անդրադարձ է կատարված բոլոր ոլորտներին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան