Շատերը շարունակում են դավադրությունների տեսքով աշխատել․ Լուսինե Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց` այդ թվում, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ», և եկել է ժամանակը նրանց զտելու:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ այսօր էլ՝ հեղափոխությունից երկու տարի անց, պետական կառավարման համակարգում դեռևս շատ են, ինչպես ինքը ձևակերպեց, «Սերժի մնացորդները», ինչը նշանակում է, որ նախկին իշխանությունները դեռևս շարունակում են ազդեցություն պահպանել պետական կառավարման համակարգում ու իրավապահ մարմիններում։

Սակայն այստեղ կարևոր է, թե, ի վերջո, ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի որակում տալով, քանի որ հենց կառավարման համակարգի վերին օղակներում ևս կան պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ նաև մինչև հեղափոխությունը։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։

«Նախարարներին նշանակել է հենց վարչապետը և հաստատ որևէ մեկը Սերժ Սարգսյանի համար չի աշխատել։ Նրա խոսքն ընդհանուր աշխատակազմի, ընդհանուր համակարգի հազարավոր աշխատակիցների մասին էր, որպեսզի կադրային ջարդ տեղի չունենար, մարդիկ գործազուրկ չդառնային և օգտագործելով այդ հնարավորությունը` փորձեին նոր ժամանակներին համահունչ աշխատել, բայց փաստորեն ժամանակը ցույց տվեց, որ շատ քիչ մարդ է այդ փոփոխությունները հասկացել, իսկ մնացածը շարունակում են իներցիայով աշխատել կամ ժամանակին համահունչ, կամ էլ դավադրությունների տեսքով»,-շեշտեց իմքայլական պատգամավորը։

Լուսինե Բադալյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի խոսքը ոչ թե ուղղված էր հատուկ նախարարներին, այլ ընդհանուր կառավարման համակարգի այն հիմնական աշխատակիցներին, որը ժառանգություն էր մնացել Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին։

Լիդա Եղիազարյան




Լրահոս